Site icon CIVILNET

Մեղադրանքը շինծու է․ Սանասարյանի փաստաբան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրվել է շինծու մեղադրանք, պնդում է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Երևանում այսօր Սանասարյանի և նրա պաշտպանների հրավիրած ասուլիսին Պետրոսյանն ասաց․ «Ես որպես պարոն Սանասարյանի պաշտպան, պնդում եմ, այո՛, նրան առաջադրվել է հանիրավի մեղադրանք, նա որևէ արարք չի գործել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»։

Փաստաբանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, և իրականացվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից։

«Ամեն ինչ սկսվեց ամսի 9-ին, երբ Սանասարյանը հրավիրվել էր որպես վկա հարցաքննության, սակայն նրան արդեն իսկ լսում էին որպես կասկածյալի։ Արդեն կար որոշակի ուրվագծված պլան։ Ամսի 12-ին արդեն առաջադրվեց կասկածանքը, որից հետո վարույթն իրականացնող մարմինն ուներ յոթ օր ժամանակ մեր կասկածյալին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու։ Երբ մենք սկսեցինք զբաղվել պաշտպանությամբ, արեցինք մասնավոր հարցումներ, որոնցից պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է զերծ մնար որևէ մեղադրանք առաջադրելուց»,- ասաց Պետրոսյանը։

Փաստաբանի խոսքով գործողությունները պլանավորված և ուղղորդված են եղել Դավիթ Սանասարյանի դեմ, և դա, ըստ փաստաբանների, փաստում է վարույթն իրականացնող մարմնի վարքագիծը։

«Երբ մենք ամսի 17-ին գնում ենք և ներկայացնում այդ փաստաթղթերը, մեզ հրավիրում են քննչական գործողությունների իրականացման, մենք գնում ենք, ներկայացվում է նաև միջնորդություն, և կից ներկայացվում են նյութեր, մասնավոր հարցումներ, արձանագրություններ, վարույթն իրականացնող քննիչը դա ուղղակի շպրտում է մի կողմ»,- պատմեց նա։

Պետրոսյանի խոսքով որոշումն արդեն թղթապանակի մեջ էր։ Քննչական գործողությունները տևել են մի քանի ժամ։

«Դեռ երկու օր ժամանակ ունեին իրականացնելու քննչական գործողություններ, որից պարզ կդառնար, որ անհիմն է այդ մեղադրանքի առաջադրումը։ Իրենք շտապեցին, իսկ հաջորդ օրը արդեն պատրաստ էր որոշում՝ պարոն Սանասարյանի պաշտոնավարումը կասեցնելու մասին»,- եզրափակեց Պետրոսյանը։

Կարդացե՛ք նաև՝

Ձեռքս կկտրեմ, եթե իմ կողմից կաշառք ստանալու տեսանյութ լինի․ Սանասարյան

Սաթենիկ Հակոբյան

Exit mobile version