Site icon CIVILNET

Ո՞վ է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը

Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննելու է դատավոր Վարդան Գրիգորյանը։ Մակագրումն իրականացվել է էլեկտրոնային եղանակով։

Վարդան Լևոնի Գրիգորյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստացել է ամիսներ առաջ՝ 2018թ․ նոյեմբերի 14-ին։ Հայաստանի դատական իշխանության կայքում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը ծնվել է Երևանում՝ 1979-ին, 2000-2014-ը եղել է փաստաբան, ընդ որում՝ 2007-2014-ին աշխատել է որպես հանրային պաշտպան։

Այնուհետև աշխատանքի է անցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր, հետո տեղափոխվել Երևան։

Ինչ գործեր է քննել Վարդան Գրիգորյանը

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Գրիգորյանի վարույթում առկա է 217 քրեական գործ, որոնց ճնշող մեծամասնությունը, բնակաբանար, Շիրակի մարզի դատարանում են քննվել։

Երևանի դատարանում աշխատանքի անցնելիս առ այսօր նրա վարույթում կա 28 գործ։ Այս գործերը դեռևս դատաքննության փուլում են և կայացրած վճիռներ չկան։ Գործերը հիմնականում վերաբերում են առողջությանը միջին և ծանր վնաս հասցնելու, հափշտակության, խուլիգանության հոդվածներին։ Քաղաքական ենթատեքստ ունեցողներից միայն Քոչարյանի և մյուսների գործն է, որ մակագրվել է Վարդան Գրիգորյանին։

Գրիգորյանի գույքն ու դրամական միջոցները

Ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի՝ Վարդան Գրիգորյանը համեստ եկամուտներով և գույքով ապրող դատավորներից է։ Նրա վերջին հայտարարագրի համաձայն, որը ներկայացրել է 2018-ին՝ Երևանի դատարանում պաշտոնը ստաձնելիս, Գրիգորյանն ունի երկու բնակարան, Nissan Teana մակնիշի մեքենա, 2,1 մլն դրամ ու 660 դոլար։ Գրիգորյանի մյուս հայտարարգրերում ամենախոշոր գործարքը 37 000 դոլար վարկն է և 57 000 դոլարով բնակարանի գնումը։ Նախկինում նա խոշոր նվիրատվություններ կամ փոխառություններ, բացի վերոնշյալ վարկից, չի ստացել։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը բացառիկ է այն առումով, որ առաջին անգամ ամբաստանյալի աթոռին է նստելու ՀՀ պաշտոնաթող նախագահը։ Այս գործում վկայի կարգավիճակում ներգրավված են ՀՀ երեք նախկին նախագահները։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008թ․ ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։ Բացի այդ, քրեական գործում խոսք կա նաև կաշառքի մասին, նշվում է, որ Քոչարյանը ստացել է 2008թ․ փետրվարին և մայիսին ստացել է 927 մլն դրամին համարժեք 3 մլն դոլար կաշառք։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ գործը քաղաքական հետապնդման արդյունք է։ 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո տասը տարի քրեական գործը քննվում էր, սակայն շոշափելի արդյունքներ չէին արձանագրվել, միայն 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո այն տեղից շարժվեց, ու քրեական գործում ներգրավվեցին բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է ներկայացվել նաև Սեյրան Օհանյանին, որը 2008թ․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր; Յուրի Խաչատուրովին, որը 2008թ․ պաշտպանության նախարարի տեղակալն էր և ՊՆ Երևանի կայազորի պետը։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թ․ փետրվարից մինչև 2008թ․ ապրիլի 21-ը, զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանը, ևս ստացել է կաշառք՝ 2008թ․ ապրիլին՝ 309 մլն դրամին համարժեք 1 մլն դոլարի չափով։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version