Նախարարությունը այդ ռելսերը պահանջել էր առաջնագծում օգտագործելու պատրվակով, սակայն օգտագործել էր ընդամենը 137 տոննան, այսինքն՝ տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը, մնացածը՝ 5563 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը, ըստ ՊՆ-ի պաշտոնական պատասխանի, վաճառվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբորը պատկանող «ՄետԷքսիմ» ընկերությանը։
«ՄետԷքսիմ»-ից հաստատեցին տեղեկությունը, որ ՊՆ-ն իրենց ռելսերի ջարդոն է վաճառել, սակայն վաճառքի մասին պայմանագրերը չտրամադրեցին։
ՍիվիլՆեթը դիմեց պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել այդ պայմանագրերը, սակայն ՊՆ-ն ևս հրաժարվեց տրամադրել «ՄետԷքսիմ»-ի հետ կնքած պայմանագրերը՝ հիմնավորելով, որ «դրանք ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության պահանջով ՀՀ ՊՆ-ն տրամադրել է վարույթ իրականացնող մարմնին»։
Այնուհետև ՍիվիլՆեթը դիմեց գլխավոր դատախազություն՝ հասկանալու, թե որ քրեական գործում են գտնվում պայմանագրերը։
Գլխավոր դատախազությունից էլ պատասխանեցին, որ «2006-12թթ. ընթացքում Երևանի տրամվայի ռելսերի ջարդոնի վաճառքի վերաբերյալ քրեական գործ չի քննվում»։
Ըստ դատախազության պաշտոնական պատասխանի՝ «Մետէքսիմ» ՍՊԸ-ի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ կա այս պահին՝ Հատուկ քննչական ծառայությունում, և «նախաքննության գաղտնիությունից ելնելով տվյալներ չեն տրամադրում»։
Երևանի տրամվայը դադարեց իր գործունեությունը 2004-ին։ Պաշտպանության նախարարի պաշտոնն այդ ընթացքում զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամանակ էլ գերատեսչությունը պահանջել էր ռելսերի ջարդոնը։
Գևորգ Թոսունյան