Site icon CIVILNET

Վճռաբեկ դատարանը համարում է, որ Սահմանադրական դատարանը վերազանցել է լիազորությունները

Հայաստանի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները դիմում են ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դժգոհելով Սահմանադրական դատարանի գործողություններից։ Մասնավորապես Վճռաբեկ դատարանի դատավորները պնդում են, որ Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա կայացրած որոշումներով «խարխլում է դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը»։

Դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից ակնկալում է համարժեք արձագանք։

Վճռաբեկ դատարանը նախորդ տարվա նոյեմբերի 15-ին մասնակի բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը և պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը ուղարկեց նոր քննության։

Այս տարվա մայիսի 7-ին ՍԴ-ն որոշում կայացրեց՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մասնավորապես դատարանը որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի մասով ՍԴ-ն այս տարվա ապրիլի 16-ին որոշել էր, որ նրա կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Այս որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որ Վաչագան Ղազարյանին առնչվող քրեական գործը վերանայվի։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version