Site icon CIVILNET

Պետական գործուղումները՝ հեղափոխությունից առաջ և հետո

ՀՀ պետական գործուղումների 2018-2019թթ. մոնիտորինգի արդյունքները (նախահեղափոխական և հետհեղափոխական շրջան)

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն մոնիտորինգ է իրականացրել և վերլուծել ՀՀ պետական գործուղումների կառուցվածքային առանձնահատկությունները, ընդհանուր միտումները, նաև համադրել նախկին և գործող իշխանությունների վարքագիծը գործուղումների նկատմամբ: Հրապարակման մեջ ամփոփված են 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում պետական մարմինների կողմից ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված քանակային և արժեքային մոնիտորինգի արդյունքները:

Համաձայն օրենսդրական կարգավորման՝ գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, ճանապարհածախսը, հյուրանոցային ամրագրման վճարը և այլ ծախսեր, հետևաբար գործուղվող անձանց կողմից հնարավոր են գայթակղություններ ավելի երկար գործուղումներ ունենալ հարկատուների հաշվին, ինչը բավականին դժվար բացահայտելի ռիսկ է։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունը՝ ստորև։

Կառավարության աշխատակիցների գործուղումների քանակային մոնիտորինգ

Դիագրամ 1-ում արտացոլված են հետհեղափոխական շրջանում հաճախակի գործուղած պաշտոնյաները։ Թվարկված պաշտոնյաների գործուղումների հանրագումարը (184 օր) կազմում է ողջ գործուղումների (1379 օր) 13 տոկոսը։ Հաճախակի գործուղման մեկնած պաշտոնյաներն են․

– Տաթևիկ Ռևազյան (ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ) – գործուղման օրերի թիվը կազմում է 50 օր, կամ ողջ գործուղումների 4 տոկոսը,

– Հակոբ Վարդանյան (ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ) – 38 օր կամ 3 տոկոս,

– Արևիկ Անափիոսյան (ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ) – 33 օր կամ 2 տոկոս,

– Սուրեն Քրմոյան (ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ) – 33 օր կամ 2 տոկոս,

– Արսեն Թորոսյան (ՀՀ Առողջապահության նախարար) – 33 օր կամ 2 տոկոս։

Կառավարության մարմինների գործուղումների քանակային մոնիտորինգ

Այնուհետև առանձնացրել ենք առավել հաճախակի պետական գործուղումներ իրականացրած 5 կառավարության մարմիններին, որոնց գործուղումների միասնական կշիռը կազմում է 40 տոկոս։ Այդ մարմիններն են՝

1․ Արտակարգ իրավիճակների նախարարություն – 160 օր կամ 11 տոկոս,

2․ Արդարադատության նախարարություն – 153 օր կամ 11 տոկոս,

3․ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն – 102 օր կամ 7 տոկոս,

4․ Կրթության և գիտության նախարարություն – 85 օր կամ 6 տոկոս,

5․ Առողջապահության նախարարություն – 76 օր կամ 5 տոկոս։

Համաձայն դիագրամ 2-ի, առաջին տեղում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որի գործուղումների քանակն է 160 օր կամ ընդհանուր գործուղումների 11,1 տոկոսը, մասնավորապես գործուղված աշխատակիցների կազմում են ներառվում՝ Արսեն Սարոյանը (15 օր), Աղվան Սարգսյանը (11 օր) և Հրաչյա Ռոստոմյանը (10 օր) (Ավելի մանրամասն տե′ս Դիագրամ 3)։

Համաձայն ՀՀ էլեկտրոնային Կառավարման պաշտոնական կայքի, Արդարադատության նախարարության անձնակազմը իրականցրել է գործուղումներ հանրագումարային 153 օր տևողությամբ, որը կազմում է ընդամենը գործուղումնների 10,6 տոկոսը։ Առավել հաճախ գործուղել են՝ Սուրեն Քրմոյանը (33օր), Արտակ Զեյնալյանը (32 օր), Վիգեն Քոչարյանը (17 օր) և Մարիամ Գալստյան (13 օր)։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը իրականացրել է գործուղումներ 102 օր հանրագումարային տևողությամբ, որը կազմել է ընդհանուր գործուղումների 7,1 տոկոսը։ Առավել հաճախ գործուղել են Հակոբ Վարդանյանը՝ 38 օր, Գարեգին Բաղրամյանը՝ 19 օր և Արթուր Գրիգորյանը՝ 11 օր։

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները իրականացրել են գործուղումներ 85 օր հանրագումարային տևողությամբ, որը կազմել է ընդհանուր գործուղումների 5,9 տոկոսը։ Առավել շատ գործուղել են Արևիկ Անափիոսյանը՝ 33 օր, Արայիկ Հարությունյանը՝ 20 օր և Սամվել Հարությունյանը՝ ևս 20 օր։

Հաջորդ նախարարությունը, Առողջապահության նախարարությունն է, 79 օր գործուղումների տևողությամբ կամ 5,4 տոկոս։ Առավել հաճախ գործուղել են Արսեն Թորոսյանը՝ 33 օր, Լենա Նանուշյանը՝ 20 օր և Անահիտ Ավանեսյանը՝ 12 օր։

Գնված ավիատոմսերի վերաբերյալ արժեքային մոնիտորինգ

Համադրելով վերջին 2 տարվա նույն ժամանակահատվածի (2017թ ապրիլ – 2018թ մարտ ներառյալ և 2018թ ապրիլ – 2019թ մարտ ներառյալ) ավիատոմսերի ձեռքբերման վրա կատարված ծախսերը, հետհեղափոխական շրջանում կարելի է նկատել դրանց կրճատման ուղղությամբ դրական միտում։ Գրաֆիկ 1-ում այդ միտումը երևում է ավելի հստակ։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ավիատոմսերին ուղղված ծախսերը կրում են սեզոնային բնույթ և ծախսերը հասնում են առավելագույնի հատկապես աշնան ամիսներին։

Ինչպես երևում է Գրաֆիկ 1-ից, թավշյա հեղափոխությունից հետո գրեթե բոլոր ամիսներին (բացառությամբ հուլիս ամսվա) կատարված գործուղումների ծախսերը էականորեն նվազել են, ի տարբերություն 2017-18թվականների նույն ժամանակահատվածի։ օրինակ՝ 2019թ հունվարին 3 մլն դրամով, փետրվարին 41 միլիոն դրամով, իսկ արդեն մարտին կրճատվել է գրեթե կրկնակի անգամ՝ 64 միլիոն դրամով։

Այնուհետև, հաշվարկել ենք մեկ ամսվա ավիատոմսերի միջին ծախսը հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական շրջանում, վերցնելով որպես ուսումնասիրության ժամանակահատված 1 տարին՝ 2017թ ապրիլից մինչև 2018թ ապրիլ և 2018թ ապրիլից 2019թ ապրիլ։ Այսպիսով, 2017-18 թվականներին միջին ամսեկան ցուցանիշը կազմեց 104միլիոն դրամ, իսկ 2018-19 թվականներին՝ 83միլիոն դրամ, հետևաբար նոր իշխանություններին հաջողվել է ծախսերը կրճատել 20 տոկոսով։ Այս դրական միտումը պարզաբանվում է մասնավորապես այն հանգամանքով, որ բիզնես կարգի ավիատոմսերը փոխարինվել են էկոնոմ կարգով։

Հետազոտության ընթացքում նկատել ենք որոշակի կասկածելի գործարքներ, որոնց գնման գինը շուկայականից շատ ավելի բարձր է։ Ինչպես օրինակ 2018թ նոյեմբերի 23-ին Սփյուռքի նախարարության կողմից գնված 1 ավիատոմս Երևան-Բոստոն և հետադարձ ուղղությամբ 1 147 761 դրամով, այն դեպքում երբ այդ ժամանակահատվածում տոմսերի գինը սկսվում է 700 000-ից։ Միևնույն ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը ձեռք է բերել 2 ավիատոմս, Երևան-Լոս Անջելես ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 814 920 դրամ։ Նշված ուղղությամբ ավիատոմսերի արժեքը սկսվում է 350 000 դրամից, և միայն Պրեմիում Էկոնոմ կարգի ավիատոմսերի գինը սկսվում է 750 000 դրամից։

ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության կողմից ևս կատարվել է բարձրարժեք ավիատոմսի գնում։ 2018թ նոյեմբերի 22-ին գնվել է 1 ավիատոմս 985 271 դրամ արժողությամբ՝ Երևան-Լոս Անջելես և հետադարձ ուղղությամբ, ինչը կրկնակի թանկ է այդ ժամանակահատվածին բնորոշ նվազագույն գնից։

2018թ նոյեմբերի 17-ին Հայաստանի խաղողագորրծության և գինեգործության հիմնադրամը ձեռք է բերել ավիատոմս 1,6մլն դրամ արժողությամբ, որի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու ակնկալիքով այցելեցինք https://www.e-gov.am/trips կայք, որտեղ պայմանագիրը բացակայում էր։

Գնված ավիատոմսերի մոնիտորինգ, ըստ ամիսների

2018թ ապրիլի 1-ից մինչև 2019թ մարտի 31 ընկած ժամանակահատվածում կատարվել է 992,5 միլիոն դրամի ավիատոմսի առք, որտեղ գերակշիռ կառուցվածք ունեն վերը նշված տասնյակը ամփոփող կառույցների ցանկը։ Դրանց միասնական կշիռը ողջ կառուցվածքում կազմել է 55,3 տոկոս կամ 549 միլիոն դրամ։ Դիտարկելով նախահեղափոխական և հետհեղափոխական շրջաններում միևնույն 1 տարվա կտրվածքով ժամանակահտվածները, տեսնում ենք, որ 2018-19 թվականներին 253,1 միլիոն դրամով կամ 20 տոկոսով նվազել են ավիատոմսերին ուղղված ծախսերը։ Այսպես օրինակ ՊՆ ծախսերը նվազել են 88,2միլիոն դրամով, Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ի ծախսերը՝ 35,3 միլիոն դրամով և ԵՊՀ հիմնադրամի ծախսերը՝ 9,8 միլիոն դրամով, այնուհանդերձ հետհեղափոխական շրջանում առկա են պետական կառույցներ, որոնք չեն գործուղել նախկինում, սակայն այժմ ունեն ավիատոմսերի ծախսերի կառուցվածքում զգալի կշիռ, ինչպես օրինակ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը (3,3% ընդհանուր ավիատոմսերի գնումներում) և ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց ՊՈԱԿ-ը (2,8%) ։

Եզրակացություն

Ամփոփելով հետհեղափոխական մեկ տարին, մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ տեղի են ունեցել բարեփոխումներ պետական գործուղումների ոլորտում։ Միջինում, 20 տոկոսով նվազեցվել են ավիատոմսերի ձեռք բերման ծախսերը, մասնավորապես բիզնես կարգի ավիատոմսերից էկոնոմ կարգի ավիատոմսերի ձեռքբերմանն անցնելու շնորհիվ։ Մասնավորապես, 2018թ․ մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսը, բիզնես կարգի ավիատոմսերի ձեռքբերումն ունեցել է նվազման միտում, իսկ սեպտեմբերից ի վեր առհասարակ դրանք փոխարինվել են էկոնոմ կարգի ավիատոմսերով։ Գրանցելով դրական փոփոխություն, այնուամենայնիվ, հայտնաբերվել են ավիատոմսերի գնման պայմանագրեր շուկայական արժեքից բավականին բարձր գներով։

Հարկ է նշել, որ 2018 թ․ հունվարից ի վեր https://www.govtravel.am/report/ կայքում տեղակայված ավիատոմսերին վերաբերող ինֆորմացիան նախկինում կիրառվող excel ֆորմատի փոխարեն սկսել է տեղադրվել pdf ֆորմատով, ինչը բարդացնում է օգտատերերի և հետազոտողների վերլուծական աշխատանքը։

Exit mobile version