Site icon CIVILNET

ՊՆ-ն գաղտնի է պահում նախարարի խորհրդականների մասին տեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդականների ինքնությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք։ Մայիսի 8-ին Սիվիլնեթը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պաշտպանության նախարարի հաստիքային և արտահաստիքային խորհրդականների ցանկն ու վերջիններիս նշանակման ժամկետները։

Մայիսի 23-ին ՊՆ-ն, վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը (9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը), մերժել է տրամադրել հայցված տեղեկատվությունը։ Օրենքը, սակայն, չի նախատեսում, որ ՊՆ խորհրդականների թիվը կարող գաղտնիք լինել։ Օրենքի այդ կետը սահմանում է, որ «ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ ԶՈՒ միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին» տեղեկությունը գաղտնիք է։

ՊՆ-ն հղում է կատարել նաև կառավարության 1998 թ․ որոշմանը (173 որոշման 8-րդ կետ), որտեղ ևս խոսվում է զորքերի տեղաբաշխման, կազմակերպչական կառուցվածքի, թվաքանակի մասին ու որևէ կետով չի արգելվում ՊՆ խորհրդականների մասին տեղեկատվության տրամադրումը։

Ովքեր են պաշտպանության նախարարի խորհրդականները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականների ցանկում ուշագրավ անուններ կան։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ նախարարի խորհրդական է նշանակվել Դավիթ Գալստյանը՝ Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր։ Այս ընկերությունը Հայաստանում պետք է կազմակերպեր «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։ Մինչ այդ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Ուկրաինայի՝ արդեն նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տոնոյանի խորհրդականներից է նաև գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։

Նախարարի խորհրդականների մասին տեղեկատվության տրամադրման մերժումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համարում է անտրամաբանական ու անհիմն։ «Անհիմն պատասխանի ու անօրինականության հետ գործ ունենք։ Անգամ եթե պատահականության սկզբունքով նայենք ՊՆ կայքում, այնտեղ տարբեր տարիների, ցաքուցրիվ տվյալներ է բերում խորհրդականների մասին, այնպես որ, կարծում եմ օրինական չէ այս մերժումը»,- ասում է նա ու հավելում՝ զորքերի տեղակայումը կամ թվաքանակի մասին տեղեկությունը որևէ կապ չունի խորհրդականների տվյալները չտրամադրելու հետ։

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց, որ «ինքը գիտի՝ խորհրդականները շատ են»։ «Գիտեմ, որ նախկին գեներալներ կան, որոնք թոշակի են անցել…. բայց որ պետական գաղտնիք կարող է լինել, չեմ պատկերացնում։ Իմ պատկերացմամբ՝ խորհրդականների ինստիտուտը չի կարող համարվել պետական գաղտնիք»,- նշեց Քոչարյանը։

Մկրտիչ Կարապետյան

Կարդացե՛ք նաև՝

Ո՞վ է Հայաստանում «Կալաշնիկով» արտադրողը. Լիբիա մատակարարած զենքից մինչև վճարումներ Պորոշենկոյի ընկերությանը

Exit mobile version