Site icon CIVILNET

Անցյալի իներցիան Հայաստանի բուհերում․ ինչպես հասկանալ ներկան ու ծրագրել ապագան

Հետհեղափոխական Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը բարձրագույն կրթական համակարգի դեռ չարված բարեփոխումն է, որը, ԿԳՆ-ի պարզաբանմամբ, կմեկնարկի նոր օրենքի ընդունումից հետո։ Բայց արդյոք մինչ օրենքի ընդունումն այլ կարևոր քայլեր չպե՞տք է արվեն, արդյոք այս մեկ տարվա ընթացքում մենք արե՞լ ենք հնարավորը կամ գոնե նվազագույնը, որպեսզի բարձրագույն կրթական համակարգը ավելի լավը դառնա։

Երբ խոսում ենք նախահեղափոխական Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին, այն հաճախ ասոցացնում ենք թույլ արդյունավետության և կրթության ցածր որակի, կուսակցականացվածության, քաղաքականացվածության, կոռուպցիոն տարբեր դրսևորումների և տարատեսակ ճնշումների հետ։ Երբ խոսում ենք համալսարանը ավարտած ուսանողների հետ, շատերը պատմում են իրենց անձնական պատմությունները, որոնք մենք կարող ենք դասակարգել վերոնշյալ խնդիրների զամբյուղների մեջ։

Հեղափոխական ամբիոնից բարձրագույն կրթական համակարգի վերաբերյալ տրվեցին շատ վճռական և հստակ քաղաքական գնահատականներ։ Հեղափոխությունից հետո էլ քաղաքական տարբեր գործիչներ՝ սկսած վարչապետից ու վերջացրած պատգամավորներով, նորից կարծիքներ հայտնեցին բարձագույն կրթական համակարգի մասին։ Հիմնվելով այս փաստերի վրա՝ կարող ենք նշել, որ թե՛ ներքևից՝ ուսանողներ, դասախոսներ, թե՛ վերևից՝ կառավարութուն, պատգամավորներ, հնչում են կարծիքներ բարձագույն կրթական համակարգի մասին, բայց փաստացի գնահատական, որ կտրվի հենց համալսարանի կողմից, բացակայում է։ Գնահատական, որով մենք կընդունենք ու կարձանագրենք սխալները և բացթողումները, կհաստատենք արժեքներ ու սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն բարձրագույն կրթական համակարգի հիմքում։

Անցյալին գնահատականը պետք է լինի այն սահմանագիծը, որով նախահեղափոխական Հայաստանի բարձագույն կրթական համակարգը կսահմանազատվի հետհեղափոխական Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից։

Անցյալին գնահատական տալու երևույթը, որն անցումային արդարադատության կարևոր բաղադրիչներից մեկն է, հնարավորություն կտա դիպվածային և հատվածային ռեֆորմների տեղը իրականացնել համակարգային փոփոխություններ։ Եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, դարձնել այն ավելի լավը, տրամաբանական չէ՞, որ պետք է հասկանանք, թե այդ «ինչը», ինչով է վատ եղել, և այդ «ինչում» ինչը պիտի փոխվի։ Բայց, ցավոք, անցյալին գնահատական տալու գործընթացը Հայաստանի բուհերում տեղի չի ունենում։

Ինչի՞ց ենք վախենում։ Արդյոք վճռականության պակա՞սն է, թե ցանկանու՞մ ենք զերծ մնալ արմատական քայլերից։ Իմ կարծիքով՝ սա աբսուրդ է, եթե հետհեղափոխական Հայաստանում անհրաժեշտ քայլերը դիտարկվում են ծայրահեղ։ Ուրեմն՝ մենք կա՛մ չենք հասկանում, թե ինչի հետ գործ ունենք, կա՛մ էլ որոշ մարդիկ պարզապես իրենց տեղում չեն։ Պետք է հիշել ու արձանագրել մի բան՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որը պետք է երկրում ամրացներ ժողովարավարությունը ու տաներ դրա կայացմանը, պետք է մտնի բուհեր, իսկ հեղափոխություններից հետո ժողովրդավարության կայացման համար պետք է իրականացնել իրական, վճռական քայլեր։ Եթե այդ քայլերը չեն արվում, ապա կոսմետիկ փոփոխությունները, ընդհանուր կոնտեքստից դուրս գրանցած փոքր հաջողությունները չեն ապահովելու կայուն զարգացում և աճ համալսարանների համար։

Եթե անցյալին գնահատական չի տրվում, եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հետհեղափոխական Հայաստանի առաջին նիստի ժամանակ ավելի շատ խոսվում է ԵՊՀ Ծաղկաձորի բազայի ֆինանսական ցուցանիշների մասին, ապա մենք լեգիտիմացնում ենք բուհերում նախկինում տեղի ունեցած, այժմ մասամբ շարունակվող անօրենությունները։ Անցյալին գնահատական տալը չի ենթադրում հաշվեհարդարներ կամ աշախատանքից զանգվածային ազատումներ։ Ընդհակառակը, այն պետք է միտված լինի առողջ, ազնիվ ինքնագնահատականի միջոցով համալսարանի ներսում տարբեր խմբերի միջև համերաշխության հաստատմանը։

Անցյալին գնահատական տալու պրոցեսը պետք է վերաիմաստավորի համալսարանների ու նրա անդամների աշխատանքը, ցրի առկա անորոշությունը, սահմանի նոր նպատակներ՝ բերելով համապատասխան մոտիվացիա։ Ավելին, գաղտնիք չէ՝ ժողովրդավարությանն անցնելու, առավել ևս այն կայացնելու համար բացի կամքից և ցանկությունից անհրաժեշտ են գիտելիքներ։ Այդ գիտելիքների արտադրման, խորացման ու փոխանցման օջախները հենց համալսարաններն են։ Սակայն եթե այս քայլին մենք չենք գնում, անիմաստ է խոսել ժողովրդավարացման մասին, քանի որ առանց վերջինիս մասին բազային գիտելիքների՝ ժողովրդավարության մասին պատկերացումները կմնան վերացական։ Սա լուրջ վտանգ է մասնավորապես հիմա, երբ որոշ անհատներ, խմբեր փորձում են խոչնդոտել ժողովրդավարական գործընթացները։

Երիտասարդության և առհասարակ հայ հանրության շրջանում ժողովրդավարության վերաբերյալ բազային կրթվածությունը թույլ է, ինչը հեշտացնում է հակաժողովրդավարական գործիչների աշխատանքը մանիպուլյացիաներ իրականացնելու և հանրությանն ապակողմնորոշելու միջոցով։ Այս խնդիրը լուծելու համար երկրում հենց բուհերը պետք է լինեն ժողովրդավարության առաջամարտիկները։

Նշեմ երեք հատված, որոնց վերաբերյալ ոչ միայն գնահատական չի տրվել, այլև չի խոսվել անգամ համալսարանների Հոգաբարձուների խորհուրդների նիստերի ժամանակ։

1․ Ակադեմիական ազատության սահմանափակումներ, ուսանողների, դասախոսների, համալսարանական աշխատակիցների հետապնդումներ քաղաքական հայացքների և հասարակական ակտիվության համար։

Ազատությունը կրթության անկյունաքարերից է, եթե չկա ազատություն, չի կարող լինել արդյունավետություն։ Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում ակտիվ դասախոսներին ու ուսանողներին իրենց մոտ էին կանչում համալսարանական էսթաբլիշմենթի ներակայացուչիչները՝ սկսած դասախոսներից ու դեկաններից, վերջացրած համալսարանների ԱԱԾ «կուրատորներով» ու ռեկտորներով։ Այս արատավոր երևույթներին ոչ միայն գնահատական չի տրվել, այլև դրանց մասին չի խոսվել։ Պատահական չէ, որ այս նույն գործելաոճը դեռ առկա է համալսարաններում․ դեկանները էլի փորձում են ուսանողներին ճնշել, իսկ ԱԱԾ «կուրատորները» նույն ոգով շարունակում են։ Ասեմ ավելին, ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանը, որը հայտնի է իր աշխատակցիներին իրար դեմ լարելով ու սադրելով, «կգբ-ական» մեթոդներով ֆակուլտետ պահելուն, որի սենյակ ուսանողները կանչվում են ֆեսբուքյան լայքի համար, վերջերս Հայաստանի ԱԳՆ-ի կողմից ստացավ մեդալ։

2․ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրված միլիոնավոր դրամներ․ մեկ որոշումով հլու-հնազանդ տալ, մեկ որոշումով էլ հլու-հնազանդ չտալ։

Միայն 2017-ին մեր բուհերը Հայաստանի երիտասադական հիմնադրամին հատկացրել են 385 մլն դրամ, Կրթության և գիտության կոմիտեն՝ 100 մլն դրամ, ԿԳՆ-ն՝ 92 մլն դրամ, սպորտի և երիտասարդության նախարարությունը՝ 88 մլն դրամ, ԱԺ-ն՝ 2 մլն դրամ։ Հեղափոխությունից հետո հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին առաջադրվեց մեղադրանք 350 մլն դրամ չարաշահելու հիմքով։ Սկսած 2001-ից` Հայաստանի բուհերը հլու-հնազանդ հարյուր միլիոնավոր դրամներ են տվել մի հիմնադրամի, որի կուսակցականացված լինելը անժխտելի փաստ է։

Ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները, ֆինանսների կառավարումն արդյո՞ք եղել է արդյունավետ, ի՞նչ սկզբունքով է աշխատել հիմնադրամը՝ բավարարել է ՀՀԿ-ի շահե՞րը, թե՞ կրթության և երիտասարդության։ Որևէ բուհի հոգաբարձուների խորհուրդ չխոսեց սրանց մասին։ Ի՞նչ է՝ մենք թքա՞ծ ունենք համալսարանի՝ առանց այդ էլ սակավ ֆինանսական միջոցների վրա, թե՞ ասելիք չունենք։

3․ Ուսանողների տարկետում ստանալու հնարավորության սահմանափակումները։

2017-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ակնհայտ ճնշմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որ լուրջ հարված էր կրթական համակարգին։ Համալսարանական հիմնական ղեկավար անձինք օրենքի ռիսկերի մասին չխոսեցին։ Հակառակը՝ ամեն ինչ արեցին ցույց տալու իրենց հավատարմությունը նախկին իշխանություններին։ Զարմանալի չէ, որ հեղափոխությունից հետո շատերի դիրքորոշումը փոխվեց, ու կեղծ հայրենասիրությունը տեղը զիջեց սեփական երկրի հանդեպ իրական մտահագւթյանը։ Անցյալին գնահատական տալու միջոցով մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ կլինի տարկետման մասին օրենք, թե այլ հարց, հետհեղափոխական Հայաստանում համալսարանները կարծիք են հայտնելու՝ առաջնորդվելով ուսանողի, բուհի ու երկրի շահերից, այլ ոչ թե իշխող ուժի նախասիրություններից։

Այս շարքը կարելի է շարունակել ու անցնել լուրջ տեխնիկական խնդիրների բարձրաձայնմանը, բայց մենք պետք է հիշենք, որ տնտեսական փոփոխություներին չեն կարող չնախորդել նախ «քաղաքական», ապա սոցիալական բարեփոխումները։ Այժմ բուհերում «քաղաքական» մասով լուրջ քայլեր չեն արվել, իսկ սոցիալական առումով տեղաշարժեր չկան։ Տնտեսական ինչ-որ ցուցանիշներ երևում են, բայց դրանք,- քանի որ առաջին երկուսի հետ կապված փոփոխություններ չկան,- չեն կարող լինել կայուն։

Վերջապես համալսարանականները՝ ուսանողները, դասախոսները, տարբեր աշխատակիցները միանգամից չեն ուզում աշխատավարձերի բարձրացում կամ ուսման վարձերի նվազումներ։ Մենք ցանկանում ենք արդարության հաստատում, մենք ցանկանում ենք հեղափոխության ոգուն համարժեք դրական, արժանապատիվ մթնոլորտի հաստատում։ Եթե այս քայլերն արվեն, ապա թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները չեն հիասթափվի՝ հասկանալով, որ նյութական փոփոխությունների համար ժամանակ է պետք։ Բայց եթե մեկ տարի անցնում է, ու արժեքային, սկզբունքային առումով փոփոխություն չկա, անտարբերությունն անխուսափելի է։

Լուսանկարում՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին շնորհում է ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ, 25-ը ապրիլի, 2019թ․

Exit mobile version