Site icon CIVILNET

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը. ինչ է սա նշանակում

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Դատարանը որոշել է մերժել Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելու հոդվածն է – Գ.Թ.) գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

ՍԴ-ն միջնորդությունը մերժելիս երկու հանգամանք է նկատի առել.

«1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով,

2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ»:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ վարույթ ընդունված գործերի հետ կապված ներկայացվել է միջնորդություն։

«Եթե անալոգիան անցկացնեմ՝ դա Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն է, այն ժամանակ ներկայացվել էր նմանաբնույթ միջնորդություն` մի շարք հոդվածների վերաբերյալ։ ՍԴ-ն այսքան տարվա մեջ առաջին անգամ նշված ինստիտուտը իրացրել էր այն ժամանակ, նախադեպը այլևս չկա։ Բայց սա գործի ելքի հետ կապված որևէ նշանակություն չունի, այն ընթացակարգային պրոցես է։ Կարող եմ մեկ այլ անալոգիա անցկացնել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետ, սա հայցի ապահովման միջոցի նման հարց է»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի հիշատակած անալոգիայի մասին

2014-ի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել էր 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Գևորգ Թոսունյան

Exit mobile version