Site icon CIVILNET

Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի փորձաքննության եզրակացության հրապարակումը․ հարց Էրիկ Գրիգորյանին

Ինչո՞ւ է այդքան երկար թարգմանվում Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության եզրակացությունը, և ինչո՞ւ է ուշանում եզրակացության հրապարակումը. ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նման հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։

Անցյալ տարվա կեսից «Էլարդ» միջազգային ընկերությունը փորձաքննություն էր իրականացնում «Լիդիան Արմենիա»-ի կողմից շահագործվող Ամուլսարի հանքի շահագործման թույլատրելիության ու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ գնահատական տալու համար։

Նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, ասաց՝ փորձաքննության գործընթացը Քննչական կոմիտեի տիրույթում է. «Տեղեկատվությունը, որ ես գիտեմ՝ մայիսի վերջին ներկայացվել է նախնական հաշվետվությունը, հունիսին նաև եղել են այցեր, դա ներկայացվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչներին։ Աշխատանքներում ներգրավված է Քննչական կոմիտեն, տեղեկատվությունը Քննչական կոմիտեից է պետք վերցնել, իսկ եթե թարգմանության հետ կապված կան հետաձգումներ, ես այդ տեղեկատվությունը չեմ կարող մեկնաբանել»։

Արձագանքելով նախարարին՝ Թունյանը հարցրեց՝ եթե վերջում պարզվի, որ հանքավայրի շահագործման հարցում ընդհանրապես վտանգ չկար կամ ուռճացված էր, ո՞վ է պատասխան տալու։ Արձագանքելով պատգամավորին՝ Էրիկ Գրիգորյանը բերեց Արարատյան դաշտի ձկնաբուծարանների օրինակը, «երբ մի քանի տարի հրաշալի տնտեսական ցուցանիշներ ուներ, սակայն սխալ հաշվարկելու ու չափից ավել ավազանի ջուրը վերցնելու պատճառով ստեղծեց մուլտիպլիկատիվ այլ էֆեկտներ` վնասելով 8000 հեկտար հողատարածքներ»։

***

Հունիսի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասել էր՝ «փորձաքննության նախնական պատկերն առկա է», նաև տեղեկացրել էր, որ հունիսի 19-21-ը լինելու է փորձաքննությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, ովքեր ներկայացնելու են ամբողջականին մոտ զեկույցն ու հունիսի վերջին ստանալու են վերջնական զեկույցը։

Մկրտիչ Կարապետյան

Exit mobile version