Site icon CIVILNET

Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչներին բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

«Եվս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրում եմ, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չեն անտեսվելու բնապահպանական անհանգստությունները, սակայն եթե հանքի շահագործումը անվտանգ է, ապա այն պետք է շահագործվի։

«Լիդիան Արմենիա ընկերության հետ իմ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այդ ընկերությունը գլխավոր պատասխանատուն է։ Լիդիանը հիմա ասում է, որ երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը։ Սա նշանակում է՝ ոչ մի լիտր ջուր չի աղտոտվելու, օդը չի աղտոտվելու, կենսաբազմազանության խնդիր չի առաջանալու։ Ես անգամ հարցրել եմ, թե արդյոք այդտեղ արոտավայրերի վրա փոշի է նստելու, ինչը ֆերմերների համար խնդիր է դառնալու կամ մսի որակի վրա է ազդելու։ Նրանք պարտավորվում են, որ անգամ դա է հաշվի առնված։ Մենք ասում ենք, որ եթե թերացումներ լինեն, ապա հանքը 90 օրվա ընթացքում պետք է փակվի։ Բոլոր չափանիշները պետք է պահպանվեն շինարարության փուլից մինչև հետագա բոլոր փուլերը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում կառավարությունը ճշգրիտ որոշում չկայացնի, ապա դա կհանգեցնի Հայաստանի վարկանիշի վատացման։

«Եթե մենք ասում ենք, որ ենթադրենք, Ամուլսարի հանքը ուղղակի չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Եթե բնապահպանական մտավախություններից ելնելով, ապա եթե այդպես է՝ ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվի կամ Թեղուտը շահագործվի։ Արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են միջազգային ստանդարտներին։ Եթե հանկարծ պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ, դա լավ չի լինի մեր տնտեսության համար»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նա հանձնարարական է տվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ լիբանանյան էլարդ ընկերության հետ տեսակոնֆերանսի ժամանակ շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրացված հարցերի հետքերով։

Նիկոլ Փաշինյանը խնդրեց Ջերմուկի և մյուս համայնքների բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

Աստղիկ Գաուդյան

Exit mobile version