Site icon CIVILNET

Սամվել Ֆարմանյանը՝ քրոջ նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արձագանքել է իր քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։

«Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:

Երբ անխուսափելիորեն վրա կհասնի գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելու և կարմիր գծերը հատելու համար հատուցում ստանալու պահը, դուք նախ կամաչեք, հետո սրտաճմլիկ բացատրություններ կմոգոնեք ու իրար վրա կգցեք, ապա ներողամտություն կհայցեք ու վերջում ստիպված կլինեք հասկանալ, որ պարտվեցիք, որովհետև ատում էիք»,- Ֆեյսբուքում գրել է Ֆարմանյանը:

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է Շիրակի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնավարման ընթացքում խոշոր չարաշահումների համար։

Տե՛ս՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Exit mobile version