Site icon CIVILNET

Զոհրաբ Մնացականյանը փակուղի չի տեսնում ղարաբաղյան բանակցություններում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որևէ փակուղի չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում․ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացում: Երբևէ չենք դանդաղեցրել և ձգձգել գործընթացը, վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը լինելու է շատ շուտով: Այս պահին երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում չենք ծրագրում, բայց կարող է ամեն պահի ամեն ինչ լինել: Որևէ փակուղի չենք տեսնում բանակցություններում, շարունակում ենք աշխատել»,- ասել է նախարարը:

Նա նաև մանրամասներ է ներկայացրել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի առաջիկա այցի մասին։

«Սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի ԱԳ նախարարի կողմից: Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմ հարցերին վերաբերող, թե տարածաշրջանային, թե գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում: Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և սա նույնպես երկխոսության թեմա է»,- ասել է Մնացականյանը:

Exit mobile version