Site icon CIVILNET

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Կրասնոդարի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ վրդովմունք հայտնելով ՌԴ Արմավիր քաղաքի (Կրասնոդարի երկրամաս) հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Մի շարք լրատվամիջոցներ լուրեր են տարածել, համաձայն որոնց՝ Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը։

«Վինոգրադովի գործողությունները Հայ առաքելական եկեղեցու տարածքում գնահատվում են որպես վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է հաստատված օրինական կարգին։

Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը հարուցել է լուրջ մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում։

Դեսպանությունը սահմանված կարգով կտեղեկացնի ռուսաստանյան համապատասպան մարմիններին Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի գործողության մասին։

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։

Միջաեպը լինելու է դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում»,- ասված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության տարածած մեկնաբանությունում։

Լուսանկարը՝ news-r.ru կայքից

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Exit mobile version