Site icon CIVILNET

Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին. լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասել է Աբրահամյանը:

Սամվել Ուզունյանը Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:

Exit mobile version