Site icon CIVILNET

Իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի գործով․ վարչապետ

Հայաստանի իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի ու պաշտոնյաների փոխկապակցվածությունը ստուգելու գործով․ Կապանում հունվարի 25-ին հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 1-ին Սիվիլնեթը հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից ոմանք կապված են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատի հետ, բաժնետեր ընկերության հետ նույն հասցեում գրանցված՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիները։

«Այդպիսի տեղեկատվություն մամուլում շրջանառվելու պահից հանձնարարել եմ, որ ստուգեն այդ տվյալները, ու եթե նման բան պարզվի, կարող են կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գալ։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել»,- նշեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ «կան մի քանի վարկածներ, նախնական տեղեկություններ, որոնք այն մակարդակի չեն, որ հրապարակվեն»։

Ի պատասխան լրագրողների՝ թեմայի շուրջ այլ հարցերի՝ Փաշինյանը ասաց, որ ԶՊՄԿ սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կոմբինատի գործունեությունը պետք է բերվի եվրոպական ստանդարտների։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, 2018թ․ հուլիս

Մկրտիչ Կարապետյան

Exit mobile version