Site icon CIVILNET

Կառավարությունը հաղորդակցության լուրջ խնդիր ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահին առնչվող գրիչի պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս կառավարությունը հանրության հետ հաղորդակցության խնդիր ունի։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո սկսված և ծրագրվող բարեփոխումների մասին ռազմավարական հաղորդակցություն չկա։ Հաղորդակցության բացակայությունը երևում է նաև հենց կառավարող թիմի ու կառավարության ներսում։

Հանրությանը պարզ և հասկանալի ուղերձներ հղելու փոխարեն դիսկուրսը հաճախ ակամա մղվում է պարզունակ մանիպուլյացիաների դաշտ՝ «լավ հումք» դառնալով դրան սպասող մի շարք լրատվականների ու գործիչների համար։

Հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու բացը գնալով ավելի բաց է դառնում։

Խոսեմ օրինակներով։

Փակվեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնը, փոխարենը բացվեց «Օրբելի» կենտրոնը։ Որևէ կերպ հանրությունը չիմացավ, թե ինչու մեկ կիսաորակ կենտրոնը փոխարինվում է մեկ այլ կիսաորակ կենտրոնով։

Քննադատվեց և փակվեց «Արի տուն» ծրագիրը, փոխարենը սկսվեց «Քայլ դեպի տուն»-ը։ Այս երկու ծրագրերն ըստ էության նույնն են։ Չբացատրվեց, թե ինչու այդպես որոշվեց, ինչ պետք է փոխվի դրանից։

Փակվեց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։ Ասվեց, որ քաղաքականությունների մշակման գործը պետք է արվի նախարարությունների ներսում, ոչ թե առանձին կառույցի կողմից, որ այդ կենտրոնում շատ բարձր աշխատավարձեր էին ստանում և այլն։ Առայսօր չի բացատրվել, թե արդյոք նախարարությունների ներսում ձևավորվել են այդ խմբերը, որոնք կարող են մրցունակ ծրագրեր մշակել։

Կառավարությունը որոշում է, որ իր աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև պաշտոնյաների ու աշխատակիցների մարդավայել աշխատավարձից։ Բացը որոշվում է լրացնել պարգևավճարներով։ Ինչ խոսք, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կարևոր քայլ է ծրարով աշխատավարձերից հրաժարումը։ Բայց հանկարծ ստացվում է, որ պարգևավճարները գաղտնի են տրվել։ Եվ կառավարությունը, փոխանակ նախապես բացատրեր իր որոշման նպատակը, սկսում է ստեղծված իրավիճակի տակից դուրս գալ։ Դե, իհարկե, հանրությունը դեռ չգիտի, թե ինչ չափորոշիչներով են պարգևավճար ստանում իր վարձու աշխատողները կամ արդյոք կա որևէ չափորոշիչ։

Կրթության երկար անուն ունեցող նախարարությունը որոշում է, որ հայոց լեզուն, գրականությունը և հայոց պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ուղղությունների համար չպետք է լինեն պարտադիր առարկաներ։ Միգուցե որոշումն ուներ խորը հիմնավորումներ, բայց հանրությունը անհաղորդ էր դրանց։ Ոչ էլ դրան հանրային քննարկում էր նախորդել։ Չեմ խոսում, թե դրանով ինչ «յուղոտ թեմա» մատուցվեց իրենց տերերի վերադարձը փափագող լրատվականներին։

Առողջապահության նախարարը, որ բարեփոխիչներից է այս կառավարությունում, ներկայացնում է առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգը։ Հայեցակարգի մշակմանը հանրային քննարկումներ չէին նախորդել։ Եվ, որ ավելի տարօրինակ է, պարզվում է, որ քննարկումներ թերևս չեն եղել նաև կառավարության մյուս գերատեսչությունների հետ։ Ֆինանսների նախարարը հրապարակային դեմ է արտահայտվում հայեցակարգին։ Հանրությունն ինչպե՞ս իմանա՝ կառավարությունն ինչ է ուզում անել իր հետ։

Գյուղական վայրերում ծննդատների փակման որոշումը։ Էլի «յուղոտ թեմա» նախկինների համար՝ «ազգը տանում են կործանման», «չեն ուզում, որ երկրի բնակչությունն աճի» և այլն։ Նախարարությունը հայտնվում է ոչ թե պրոակտիվ արշավ ու ռեֆորմ անողի դերում, այլ հարվածներին ռեակտիվ պատասխանողի։ Ու այս թաշկալայում երկրորդական, երրորդական պլան է մղվում ամենակարևորը, թե ինչու է կարևոր ծննդօգնության ծառայության որակի բարձրացումը, հենց թեկուզ ժողովրդագրության աճի տեսանկյունից։

Վարչապետը հայտարարում է «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինչ խոսք՝ յուրաքանչյուր հայի համար ականջահաճո հայտարարություն։ Սակայն դրա հետևում չկար հաջորդող քայլերի տրամաբանությունը։ Հետո Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցին ի պատասխան վարչապետն իր հայտարարությունը դնում է Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը ադրբեջանական հող է» հայտարարությունների կոնտեքստում, «որովհետև չենք ուզում վախեցող ազգի տպավորություն թողնել»։

2019-ի հոկտեմբերին վարչապետը հայտարարում է, որ 2020-ին 10 միլիոն ծառ ենք տնկելու։ Էլի լավ մտադրություն, լավ գաղափար։ Սակայն սրա հետևում կրկին չկա որևէ գործողություն, որևէ հաշվարկ՝ որտեղ են տնկելու, ինչ ծառատեսակներ են տնկելու, որքան է Հայաստանի տնկարանների արտադրական հնարավորությունը, որտեղից այդքան տնկի, ով է տնկելու, որտեղից փող։ Իսկ 2020-ի բյուջեում մասշտաբային այս ծրագրի համար նախատեսված է ընդամենը 414 միլիոն դրամ՝ «անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների» տողով։ Համեմատության համար՝ 2019-ին այս նպատակի համար հատկացվել էր 426 միլիոն դրամ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2020-ի այսպիսի հավակնոտ ծրագրի համար նույնիսկ ավելի քիչ գումար է հատկացվում, քան նախորդ տարի։ Միգուցե ավելի ճիշտ լիներ, որ վարչապետը նախքան նման հայտարարությունը ավելի կոնկրետ ծրագի՞ր ունենար։

Վարչապետը հայտարարում է, որ 2050-ին հասնելու ենք 5 միլիոն բնակչության։ Մի կողմ թողնենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) Հայաստանում 2050-ին կանխատեսում է 2,81 միլիոն՝ ներկայիս 2,96 միլիոն բնակչության փոխարեն։ Ի՞նչ տեսլականով, գործողությունների ի՞նչ ծրագրով ենք հասնելու այս անիրատեսական թվին։ Իհարկե, որոշ քայլեր արվում են, օրինակ՝ նորածինների համար տրվող նպաստների ավելացումը։ Բայց արդյոք այս հայտարարության հետևում մշակված ժողովրդագրական ռազմավարություն կա՞ր, թե՞ էլի ձեռի հետ հայտարարություն էր։

Կառավարությունը որոշում է, որ մորթը պարտադիր պետք է սպանդանոցներում արվի։ Սակայն պարզվում է, որ բավարար թվով սպանդանոցներ չկան, լոգիստիկ լուրջ խնդիրներ լուծված չեն, սոցիալական հետևանքները հաշվարկված չեն։ Մսավաճառների ու գյուղացիների մի քանի օրվա ցույց, և որոշման կիրարկումը հետաձգվում է մինչև հունիս։

Ամուլսարի հանքի շահագործման թեման հանրության համար մնաց ամենաարծարծվածներից ու ամենաանհասկանալիներից մեկը։ Հանքի շահագործման դեպքում հանրային լուրջ դժգոհությունների ու հանքի շահագործումն արգելելու դեպքում երկրի համար ֆինանսական հնարավոր մեծ կորուստների արանքում կառավարությունը չի կողմնորոշվում կամ կողմնորոշվել է և չի կարողանում իր որոշումը հաղորդակցել հանրությանը։

Վարչապետի՝ դատարանների շրջափակման կոչը՝ առանց գործողությունների հետագա հստակ պլանի, ևս ձախողված հաղորդակցությունների շարքից է։ Այսրոպեական նման պոռթկումները ստվերում են դատաիրավական բուն բարեփոխումները, առաջնային խնդիրները մղում երկրորդ պլան ու պարարտ հող ստեղծում կառավարության ձախողումը տենչացող նախկինների համար։

Իսկ Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը վերջին դրվագն էր, թե ինչու չի կարելի անել նման բան։ Ոչ ոք կասկած չունի, որ հենց Թովմասյանի գրած սահմանադրություններով էին Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը փորձում «հավերժանալ» Հայաստանում ու Արցախում, որ հենց այդ ծառայությունների համար է Թովմասյանը ստացել ՍԴ նախագահի պաշտոնը։ Սակայն, երբ ամբողջ ազգը սպասում է «Հրայրի մեղսագործությունների մասին համոզիչ փաստարկների», հանկարծ հայտնվում է գրիչի մասին մի հեքիաթ․․․ ու կրկին հարձակումների մեծ ճակատ հեղափոխության, դրա արժեքների ու ակնկալիքների վրա։

***

Հանրության ակնկալիքները մեծ են լեգիտիմ կառավարությունից։ Կառավարությունը հաճախ իր լեգիտիմությունը շռայլում է շագրենի կաշվի նման, փոխանակ այն օգտագործելու արմատական ու արագ բարեփոխումներ անելու համար։

(Վերևի շարքը կարելի է շարունակել)։

Read the article in English.

Exit mobile version