Site icon CIVILNET

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն և պարեկային ոստիկանություն. բարեփոխումների փաթեթ

Արշալույս Մղդեսյան

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, անցում կատարել պարեկային ծառայության, ինչպես նաև ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահել: ՍիվիլՆեթն առանձնացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հիմնական դրույթները, որոնք առաջարկվում է կյանքի կոչել 2020-2022 թվականներին:

Ներքին գործերի նախարարություն և պարեկային ծառայություն

Ռազմավարության հեղինակները նշում են, որ Հայաստանում ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և «անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ»։

Նշվում է ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով:

«Այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումը, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ»,- ասված է փաստաթղթում։

Առաջարկվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Պարեկային ոստիկանության ստեղծումը բացատրվում է տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու նակատառումով:

Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանալու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր: Կառույցն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր:

Դետեկտիվների ինստիտուտ

Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014-ին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին: Նոր ռազմավարությամբ առաջարկվում է քննարկման առարկա է դարձել նաև ոստիկանությանն քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։

Երկարաժամկետ կտրվածով առաջարկվում է քննարկել քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, որը լիազորված կլինի ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ ապահովել քննչական մյուս մարմինների հետ։

Վերաիմաստավորվում է համայնքային ոստիկանությունը: «Անհրաժեշտ է վերանայել համայնքային ոստիկանության գործառույթները (օրենսդրական և կառուցվածքային առումներով), որոնք շատ հաճախ կրկնում են որոշ դեպքերում՝ պրոբացիայի ծառայության , մյուս դեպքերում սոցիալական ծառայությունների գործառույթները», – ասված է ռազմավարությունում։

Կադրերն ու կարողությունները

Ռազմավարության հեղինակներն առաջարկում են լրջորեն վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման հարցերը: Նպատակն է ոստիկանությունում ներգրավել հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողական, իրավունքների պաշտպանությանը զգայուն և հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ։

«Կադրային արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է լինելու նաև ոստիկանության կրթահամալիրում ծրագրերի վերանայմամբ և թիրախային դասընթացների ապահովմամբ։ Այն պետք է հանդիսանա հիմնական ինստիտուտը, որտեղից կհամալրվի ոստիկանության անձնակազմը՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ դասընթացներն ավարտելուց հետո։

Ժամանակակից աշխարհում ոստիկանությունն այլևս մասնագիտություն է, այն չի կարող պատշաճ իրականացվել մասնակիորեն փոփոխված նախկին կրթական համակարգի կողմից պատրաստված իրավաբաններով։ Անհրաժեշտ է պատրաստել և կրթել անհրաժեշտ չափի և խորության տեսական, ոստիկանության գործի տակտիկական գիտելիքների ու մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերով»,- ասված է ռազմավարությունում։

Սահմանապահ ոստիկան

Ապագայում ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման համատեքստում առաջարկվում է դիտարկել միգրացիոն ծառայության գործառույթներ իրականացնող մարմնի հետագա կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ու այդ գործառույթների ներառումը ոստիկանության նոր կազմակերպաիրավական ձևում:

Ըստ հեղինակների՝ առաջատար երկրների ու անդրսահմանային կառույցների պրակտիկան ցույց է տալիս, որ միգրացիոն ծառայությունները լավագույնս գործարկվում են ներքին գործերի հարցերով զբաղվող համապատասխան կառույցներում (Ավստրալիայի պարագայում՝ Department of Home Affairs, ԱՄՆ պարագայում՝ Department of Homeland Security, ԵՄ պարագայում՝ DG for Migration and Home Affairs)` հաշվի առնելով միգրացիոն գործառույթների բնույթն ու մատուցվող ծառայությունների տեսակները:

Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում անհրաժեշտ է համարվում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՆԳՆ-ի կառուցվածքում ներառելու հարցը։

Անդրադարձ է կատարվում նաև սահմանային վերահսկողությանը՝ նշելով, որ զարգացած երկրներում այն հիմնականում ներառվում է Պարեկային ծառայության գործառույթների կազմում:

«Սահմանային պահպանության ներառումը քաղաքացիական ծառայության մեջ ունի երկու կարևոր առավելություն. մի կողմից՝ սահմանապահը, լինելով առաջին մարդը, որը շփվում է օտարերկրացու հետ, կարևորագույն նշանակություն ունի երկրի իմիջի ու գրավչության համար: Ուստի, կիրթ, օտար լեզուներով հաղորդակցվող, բացառապես այլ վարվելակերպով սահմանային ծառայողներ ունենալու արդյունքում Հայաստան մուտք գործող անձի առաջին տպավորությունը դառնում է դրական, ինչն էլ իր հերթին պոտենցիալ ունի անխուսափելիորեն դրական ազդելու թե՛ պետության իմիջի, թե՛ զբոսաշրջության խթանման վրա»,- կարծում են ռազմավարության հեղինակները:

Մյուս կողմից, սա կոռուպցիան կանխարգելելու քայլ է դիտարկվում: «Սահմանային անցակետում համընդգրկուն լիազորություններ ունեցող ոստիկան ծառայողի ներկայությունն ինքնին զսպիչ մեխանիզմ է դառնում սահմանային կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կոռուպցիոն գործողությունների կանխարգելման համար: Միաժամանակ, սահմանապահ ոստիկանի ու մաքսային աշխատակցի ամենօրյա շփումների հետևանքով միանշանակ կբարելավվի հանցագործությունների կանխման ուղղությամբ տվյալների փոխանակումը»,- ասված է փաստաթղթում:

Exit mobile version