Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի առիթով դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի զանգվածային միջոցառումների անցկացումը հնարավոր չէ։
Խոսելով նավթի գների անկման մասին՝ Ալիևն ասել է, որ «կորոնավիրուսն անշուշտ բարդացնում է իրավիճակը, բայց կարծում է՝ Ադրբեջանը փոքր կորուստներով կհաղթահարի նաև այս փորձությունը»։
Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ ձեռք է բերվել չորս ժամանակակից լաբորատորիա, և դրանց ընդհանուր թիվը 10-ն է։ Անհրաժեշտության դեպքում, ըստ Ալիևի, ձեռք կբերվեն լրացուցիչ լաբորատորիաներ։
«Մեր հիմնական նպատակն է՝ թույլ չտալ հիվանդության տարածումը Ադրբեջանում։ Այդ նպատակով միայն պետության ձեռնարկած միջոցները բավարար չեն։ Պետությունն անում է հնարավոր ամեն ինչ, միջոցներ է տրամադրում։ Մարտի սկզբին հիվանդության դեմ պայքարի համար հատկացվել է 10 մլն մանաթ։ Այսօր նախագահի պահուստային հիմնադրամից կհատկացվի ևս 20 մլն մանաթ»,- ասել է Ալիևը։
Նա չի բացառել, որ «ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն հայտարարվել․ այդ դեպքում հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մեկուսացումը կդառնա պատմական անհրաժեշտություն»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, որևէ սադրանք իրականացնեն»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Մարտի 18-ի դրությամբ Ադրբեջանում, ըստ հաղորդագրությունների, գրանցվել է կորոնավիրուսի 34 դեպք։
Վրաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 40 դեպք է գրանցվել։ Պաշտոնական Թբիլիսին նույնպես արտակարգ դրություն չի հայտարարել։
Ստելլա Մեհրաբեկյան