Site icon CIVILNET

ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը․ ինչ ուղերձներ հղեց Փաշինյանը

Հունիսի 19-ին երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստը: Հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական վերանախավերի մասնակցությամբ համատեղ նիստերի անցկացման ավանդույթը ժամանակին սկիզբ էր դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ձևաչափը աստիճանաբար անվտանգային հարցերի քննարկման ու երկու հանրապետությունների ինտեգրացիայի խորացման համար կարևոր հարթակ է դառնում:

Անվտանգության խորհուրդների այս համատեղ նիստի գլխավոր նորույթը, իհարկե, մասնակիցների կազմն էր: Փոփոխության է ենթարկվել Արցախի անվտանգության խորհրդի գրեթե ողջ կազմը: Այս ձևաչափով առաջին նիստին էր մասնակցում նաև ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Սակայն մասնակիցների կազմի առումով ամենաուշագրավ հանգամանքը Արցախի «Ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) բացակայությունն էր:

Սամվել Կարապետյանը 2019 թվականի ապրիլի 2-ին իր դիմումի համաձայն ազատվել էր ԱՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, սակայն շարունակում էր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Կարապետյանի մասնակցությունից հետո Infocom.am լրատվական կայքը փորձել էր իմանալ ԱԽ կազմում նրա ներկայացվածության իրավական հիմքերի մասին: Պատասխանելով լրատվամիջոցի հարցին` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ Անվտանգության խորհրդի մասին նոր իրավական ակտ է ընդունվել, որով «Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի նախագահը ընդգրկվել է Անվտանգության խորհրդի կազմի մեջ` հաշվի առնելով կազմակերպության դերն ու մեծությունը: Այս համատեղ նիստին Սամվել Կարապետյանի բացակայությունը կարող է պայմանավորված լինել Արցախի նոր ԱԽՔ Սամվել Բաբայանի ցանկությամբ, որը երկար տարիներ լարված հարաբերություններ է ունեցել Կարապետյանի հետ:

Համատեղ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի ելույթը թերևս իր վարչապետության շրջանի ամենակոշտ ելույթն էր` ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Այն լավագույնս ցուցադրում է բանակցային գործընթացում հաստատված մթնոլորտը: Սակայն կոշտ լինելով հանդերձ` Փաշինյանի ելույթը ոչ ապակառուցողական էր, ոչ էլ իռացիոնալ: Այն Ադրբեջանին և միջազգային հանրությանը ուղղված մի քանի կարևոր ուղերձներ էր պարունակում:

Հայաստանի Հանրապետության վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց բովանդակային բանակցություններում Արցախի իշխանությունների մասնակցության կարևորությունը` նշելով, որ առանց դրան հակամարտությունը էլ ավելի կձգձգվի: Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, բանակցային գործընթացի փակուղային իրավիճակի համար պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք քաղաքական հարցերը ավելի են կարևորում, քան բանակցություններում իրական առաջընթացի հնարավորությունը: Ավարտելով իր ելույթի այս հատված` Փաշինյանը նշեց, որ դահլիճում ներկա գտնվող արցախյան պաշտոնյաների մեջ կան մարդիկ, որոնք «ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում»: Խոսքը ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մասին է:

Փաշինյանի ելույթի երկրորդ կարևոր ուղերձը նրա՝ ամիսներ առաջ հնչեցրած այն թեզի անուղղակի կրկնությունն է, ըստ որի Արցախի դեմ հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում Հայաստանի դեմ: Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում»: Եթե ռազմական հարթության հետ կապված ամեն ինչ պարզ է, ապա քաղաքական հարթությունում պատասխանի դեպքում խոսքը հավանաբար վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Փաշինյանի այս հայտարարությունը չափազանց կարևոր է հնարավոր էսկալացիայի զսպման առումով:

Նիկոլ Փաշինյանի ելույթի երրորդ կարևոր ուղերձը ուղղված է միջազգային հանրությանը: Հայաստանի վարչապետը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունությունից ու անվտանգությունից կախված է կայունությունն ու անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ առումով Հայաստանը դառնում է անվտանգության երաշխավոր նաև տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգությունը կապելով տարածաշրջանային անվտանգության հետ` ՀՀ վարչապետը, փաստորեն, ևս մեկ անգամ հիշեցնում է միջազգային հանրությանը, որ հակամարտության խաղաղ կարգավորումը միայն Հայաստանի խնդիրը ու պատասխանատվությունը չէ: Եվ Հայաստանին միակողմանի զիջումների դրդելը կամ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով լուծումներ առաջարկելը անտրամաբանական են ու անհեռանկար: Հայաստանը հակամարտության գոտում խաղաղության միակ շահառուն չէ:

Exit mobile version