Site icon CIVILNET

Մինսկի խումբը կողմերին կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանում գրանցված զինված միջադեպի առնչությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից:

Կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունները սանձազերծելու մեջ։ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա սրումը կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ:

Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում նաև հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, հենց որ թույլ տան հանգամանքները»:

Exit mobile version