Site icon CIVILNET

Ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել. ինչ է հայտնի այս պահին

Արմավիրում ալկոհոլային թունավորման դեպքեր են արձանագրվել։ Այս մասին կեսօրին տեղեկացրեց առողջապահության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ, որոնցից 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Նաև հաղորդվել էր, որ Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:

Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:

Նախարարությունից հաղորդել են, որ կեսօրվա դրությամբ կա 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:

Ավելի ուշ նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: 2-ը գտնվում են Արմենիա ԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Ըստ Նիկողոսյանի՝ համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից:

Կա ձերբակալված

Ոստիկանությունից հաղորդում են, որ Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիները թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։ Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է: Հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Հայտարարություն է տարածել նաև Քննչական կոմիտեն՝ Հորդորելով բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործեն այն և դիմեն ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Ըստ կոմիտեի՝ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը բռնագրավվել է

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ: Ըստ մարմնի նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցրել, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version