Site icon CIVILNET

Մեր գործողությունները համարժեք են. Տոնոյանը զգուշացրեց Ադրբեջանին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում սեպտմեբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցից հայկական բանակի զինծառայողի զոհվելու դեպքին:

«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և դիրքերի գերակայությունն ու առավելությունը: Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն երկու շաբաթ է նման իրավիճակ է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:

Նրա խոսքով` նշված իրավիճակի հետ կապված ՊՆ-ն տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել: «Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի մասին: Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Մինսkի խմբի համանախագահներին: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ չկա այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- ասաց նա:

Տոնոյանը նշեց, որ հայկական կողմի զոհված զինծառայողի հետ կապված համապատասխան միոցառումներ են իրականացվում: «Ունենք զոհ, համապատասխան միջոցառումներ են կատարվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բարձրացրել է զգոնությունը, որը մեz համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ հուլիսյան դեպքերից հետո հաստատված հանդարտության ֆոնին տվյալ ուղղության վրա վերջին շրջանում հրադադարի դեպքերի խախտումները կրկնակի ավելացել են: «Մեր զինծառայողների որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

***

Սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Exit mobile version