Site icon CIVILNET

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին. այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման մասին:

Արտգործնախարարը խիստ մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Exit mobile version