Site icon CIVILNET

Ալիևը, ահաբեկիչները և Ադրբեջանը, այո՛, կանգ չեն առնելու, քանի դեռ ցավալի հարված չեն ստացել

Երեկ ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ լրագրողների, փորձագետների ու միջազգային կառույցների հետ համագործակցող հանրության շրջանում քննարկվել է ՍիվիլՆեթի իմ վերջին սյունակը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության երեք մակարդակներին և Թուրքիայի ու ահաբեկիչների ներգրավվածությանը: Այս մարդիկ գուգլ-թրանսլեյթ ծրագրով թարգմանել են իմ գրությունը և կանգ առել այն հատվածի վրա, որը դարձրել եմ վերնագիր և որը, մեծ հաշվով, ուղղակի կապ չունի, հոդվածի ընդհանուր բովանդակության հետ:

Ահա այդ հատվածը.

Միջազգային դիվանագիտությունը օգտակար կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայկական բանակը կարողանա ցավալի հարված հասցնել Ադրբեջանին, նրան կանգնեցնել և հետ մղել ելման բնագծեր: Քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ կարող է հաջողության հասնել ռազմի դաշտում, անկախ զոհերի թվից ու բանակի մաշվելուց, կանգ չի առնելու:

Իլհամ Ալիևը և Ադրբեջանը կարիք ունեն ցավալի, շատ ցավալի հարվածների: Քանի դեռ ադրբեջանական էյֆորիան չի վերածվել մարդկային մեծածավալ ողբերգության, Բաքուն չի սթափվելու:

Ադրբեջանցիները նաև քննարկել են այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր իմ նման մեկին հրավիրել տարբեր միջազգային խորհրդաժողովների և քննարկումների:

Ճիշտ է, վերջին 20 տարիներին ես բազմիցս եմ հրավիրվել Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների թեմաներով քնարկումների աշխարհի տարբեր մայրաքաղաքներ: Հրավերների մեծագույն մասը մերժել եմ, քանի որ անիմաստ եմ համարել:

Բայց նաև ընդունել եմ մի շարք հրավերներ: Օրինակ, տարիներ առաջ ընդունել եմ Չեթեմ Հաուսի առաջարկը և ելույթ եմ ունեցել Լոնդոնի այդ նշանավոր թագավորական կենտրոնում: Ընդունել եմ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հրավերը և ելույթ ունեցել անձնակազմի համար: Ընդունել եմ Ռուսաստանի Գորչակով ակումբի հրավերը և ելույթ ունեցել Մոսկվայում: Եվ վերջապես, մի քանի տարի ներգրավված եմ եղել Արցախի մասին երեք մասից կազմված ֆիլմի ստեղծման աշխատանքներում:

Իմ լրագրողական և փորձագիտական գործունեության ընթացքում ես փորձում եմ հավատարիմ մնալ մասնագիտական սկզբունքներին ու էթիկային, անգամ երբ դա վերաբերում է Արցախյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, անգամ պատերազմների օրերին: Այդ պատճառով, ավելի հաճախ ենթարկվել եմ ի՛մ հայրենակիցների հարձակումներին ու թիրախավորումներին, ինչպես եղավ մի քանի օր առաջ, երբ մասամբ գրեցի պատերազմի այս օրերին մեր տարածքային կորուստների մասին:

Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ երեկվա հոդվածում. Ալիևը և Ադրբեջանը, այո՛, կանգ չեն առնելու, քանի դեռ ցավալի հարված չեն ստացել:

Իլհամ Ալիևը, Ադրբեջանն ու ադրբեջանցիները թուրքերի և ահաբեկիչների հետ նպատակ ունեն գրավել Արցախը և սպանել ու դեպորտացիայի ենթարկել նրա ԲՈԼՈՐ բնակիչներին:

Տարիներ առաջ մի միջազգային քննարկման ընթացքում ասել եմ, որ հաջորդ ցեղասպանությունը կարող է տեղի ունենալ Արցախում՝ մատնանշելով Ադրբեջանում հայատյացության պետական մակարդակի բարձրացնելը, պատերազմական ու ռազմատենչ հռետորաբանությունը, միլիարդավոր դոլարների զենքեր գնելը, Ռամիլ Սաֆարովի հերոսացումը և բազմաթիվ այլ տխրահռչակ դեպքեր:

Ադրբեջանցիները արդեն մեկ ամսից ավելի կրակ են թափում Ստեփանակերտի ու Արցախի տասնյակ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական օբյեկտների վրա: Երեկ նրանց թիրախում ծննդատունն էր և Շուշին:

Հադրութում երկու քաղաքացիական անձանց գնդակահարությանը ի՞նչ անուն տանք: Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ ռմբահարելուն ի՞նչ անուն տանք: Գերիների ու քաղաքացիական անձանց գլխատելուն ի՞նչ անուն տանք:

Այսօր, հենց այս պահին էլ համոզված եմ, որ եթե մենք չկարողանանք պաշտպանվել, ապա աշխարհի աչքի առաջ կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Այն կանխելու միակ ճանապարհը մեզ պարտադրված պատերազմում չպարտվելն է:

Սա դաժան, արյունալի պատերազմ է, որը մտել է մեր բոլորի տները՝ լինենք լրագրող, հացթուխ, վարորդ կամ զինվորական:

Եվ վերջում. ես հրաժարվելու եմ մասնակցել որևէ միջազգային քննարկման, քանի դեռ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը, որին ներգրավված են Թուրքիան ու ջիհադիստ-ահաբեկչական խմբավորումներ, կանգ չի առել և այո՛, կանգ չի առնի, քանի դեռ Ալիևն ու Ադրբեջանը չեն ստացել ցավալի, շատ ցավալի հարվածներ, քանի դեռ ադրբեջանական հանրությունը էյֆորիկ ցնծություն է ապրում, իսկ լրագրողները, փորձագետներն ու միջազգային հանրության հետ համագործակցող ադրբեջանցիները, ինչպես 2016-ի ապրիլին, կոչ են անում հրթիռահարել Ստեփանակերտը: Ու այս մարդիկ նեղսրտում են, որ մենք ունենք պաշտպանվելու, հարձակումը կանխելու, ապա և ցավալի հարված հասցնելու իրավունքը:

Այսօր, հոկտեմբերի 29-ի կեսօրին, պետք է մասնակցեի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելու կազմակերպած քննարկմանը, սակայն առավոտյան տիկնոջից ներողություն եմ խնդրել և հրաժարվել:

Թաթուլ Հակոբյան

Exit mobile version