Site icon CIVILNET

Վստահության ճգնաժամ

Երեկ հաղորդվեց, որ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք հեռախոսամարաթոնը, և հանգանակված գումարներն ուղղվելու են Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը և Արցախի գյուղերում խմելու ջրի խնդրի լուծմանը:

Երեկ Tert.am-ն էլ հաղորդեց, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը տեղ է զբաղեցրել աշխարհի հինգ թերուս միլիարդատերերի ցանկում:

Այս երկու լուրերի միջև ուղղակի կապ, իհարկե, չկա: Սակայն որ Քըրքորյանը հաջողությունների է հասել, հասել է մեծ տեսլականներ ունենալու իր ձիրքի շնորհիվ, մի բան, որ «Հայաստան» հիմնադրամը ներկայում չունի:

1992թ., երբ հիմնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այն անկախությունից հետո առաջին համազգային հաստատությունն էր, որն ուներ մեծ տեսլական: Հենց այդ մեծ տեսլականի շնորհիվ կառուցվեց «կյանքի ճանապարհը»՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին:

Հիմնադրամն իսկապես ճակատագրակերտ գործառույթ էր ստանձնել 90-ականների դժնդակ տարիներին: Այն ժամանակ բնական էր ակնկալել, որ Հայաստանն իսկապես համայն հայության ներուժը կարողանալու է հակադրել ադրբեջանական նավթին:

Ցավոք, դա տեղի չունեցավ: Պատճառները մի քանիսն էին:

Սկզբնական շրջանում հիմնականը վստահության խնդիրն էր ՀՀ իշխանությունների նկատմամբ, դժգոհությունը ներհայաստանյան երևույթներից՝ կոռուպցիա, անօրինականություններ և այլն:

Հետագայում սրանց գումարվեց հարուստ խավի և օլիգարխիայի հարցը, որոնք իրենց ցոփ ու շվայտ կյանքով աչք էին ծակում Սփյուռքում, բայց մասնակցություն չէին ունենում Հայաստանի զարգացմանը:

Մյուս պատճառն այն էր, որ հիմնադրամի ողնաշարը չդարձան քիչ գումարներ տվող հազարավոր հայերը, և նրանց ներուժն ըստ արժանվույն չգնահատվեց:

Գլխավոր պատճառը թերևս այն էր, որ չկար տեսլական, իհարկե ոչ թե ծրագրերի ընտրության առումով, այլ դրանց փաթեթավորման և Սփյուռքին ներկայացնելու (օրինակ՝ Արցախի Հյուսիս-Հարավ ճանապարհի համար չորս տարի հանգանակություն կազմակերպվեց): Այս ամենի արդյունքում նվազեց վստահությունը ոչ միայն հիմնադրամի, այլև ընդհանրապես Հայաստանի նկատմամբ:

Վառ ապացույցը Քըրքորյանն է, որը դադարեցրեց «Լինսի» հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և այնտեղ մնացած $200 միլիոնը նվիրաբերեց Կալիֆոռնիայի համալսարանին:

Exit mobile version