Site icon CIVILNET

Հիփոթեքին մրցակից

Հայաստանում ներդրվում է սոցիալական բնակարանի ինստիտուտը

Աշխարհի մի շարք երկրներում գործում է այսպես կոչված սոցիալական բնակարանի (social housing) ինստիտուտը, երբ մարդիկ, հնարավորություն չունենալով բնակարան գնել կամ էլ հիփոթեքային վարկ վերցնել դրա համար, երկարաժամկետ բնակություն են հաստատում սոցիալական բնակարանում՝ վճարելով շուկայականից նվազ որոշակի ամսական վարձ: Սոցիալական բնակարանի սեփականատերը լինում է կա՛մ պետությունը, կա՛մ էլ շահույթ չհետապնդող որևէ կազմակերպություն:

Այս ինստիտուտի գաղափարն այն է, որ վերացվի բնակչության տարբեր խավերի միջև առկա բնակարանային անհավասարությունը: Նիդեռլանդներում այսպիսի բնակարաններում ապրում է բնակչության 90%-ը, Հոնգ Կոնգում՝ 50%-ից ավելին: ԱՄՆ-ում սոցիալական բնակարանի ինստիտուտի գաղափարը տարբեր է՝ բնակարանը ոչ թե վարձակալության է տրվում, այլ մատչելի գնով վաճառվում է:

Հայաստանում ևս ներդրվում է սոցիալական բնակարանի ինստիտուտը, որի մեկնարկը տրվել է Դիլիջանում: Թեմայի շուրջ «Օրակարգ»-ը զրուցել է «Սոցիալական բնակարանային հիմնադրամ» կազմակերպության գլխավոր տնօրեն Արա Նազինյանի հետ:

-Պարոն Նազինյան, Հայաստանի բնակչության ո՞ր խումբն է թիրախային համարվում այդ ծրագրի համար:

-Հայաստանյան շուկան հիմնականում բնակարաններ է առաջարկում ունևոր կամ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքներին: Պետական կամ մարդասիրական օգնության ծրագրերով քիչ քանակով բնակարաններ են կառուցվում, նաև բնակչության ամենակարիքավոր ու խոցելի խմբերի՝ փախստականների, աղետի գոտում տուժած ընտանիքների և այլոց համար:

Սակայն կա բնակչության մի մեծ զանգված այդ երկու խմբերի միջև, որն ունի ցածր կամ միջին եկամուտներ՝ երիտասարդները, նորաստեղծ ընտանիքները, միջին եկամուտով ընտանիքները, որոնք ուզում են իրենց սեփական օջախը ստեղծել, տանիք ունենալ, իրենց կյանքը բարելավել: Այսօր շուկայական գներով բնակարան գնելը կամ հիփոթեքային վարկերը մատչելի չեն բնակչության լայն զանգվածի համար: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք առանձնացրել ենք բնակչության թիրախային խումբ՝ միջինից ցածր և միջին եկամուտով ընտանիքներ:

-Որքա՞ն ժամանակ ընտանիքը կարող է ապրել նույն սոցիալական բնակարանում:

-Վարձակալության ժամկետը չի սահմանափակվում, և մարդիկ կարող են տասնյակ տարիներ ապրել նույն բնակարանում: Իհարկե, հնարավոր է՝ վարձակալման պայմանները, շուկայի կոնյունկտուրայի փոփոխմանը զուգընթաց, վերանայվեն յուրաքանչյուր տարի: Մենք երաշխիք ենք տալիս ընտանիքներին, որ եթե կանոնավոր մուծեն տան վարձը, վնաս չհասցնեն բնակֆոնդին, կարող են այդ բնակարանում ապրել, որքան կամենան:

-Ինչպե՞ս է որոշվում բնակարանի ամսական վարձը և որքա՞ն է այն:

-Մենք գործում ենք ինքնարժեքի իջեցման սկզբունքով, քանի որ շահույթ չենք հետապնդում: Փորձելու ենք առաջարկել այնպիսի վարձավճար, որ Դ250 հազ. եկամուտ ունեցող ընտանիքն ի վիճակի լինի հանգիստ այն վճարել: Անգամ Դ150 հազ. եկամուտի դեպքում, որոշ դոտացիաների պայմաններում, ընտանիքը կարող է ամսական Դ30-40 հազ. տրամադրել վարձակալությանը՝ դրա դիմաց ունենալով ժամանակակից, բոլոր պայմաններով հագեցած բնակարան: Դ40 հազ. վարձը վերաբերում է ամենամեծ բնակարաններին, իսկ 1-2-սենյականոց բնակարանները կտրամադրվեն ավելի ցածր վարձաչափով:

-Որո՞նք են սոցիալական բնակարան հատկացնելու մյուս պայմանները:

-Յուրաքանչյուր համայնքի հետ աշխատելիս մանրամասն մշակվում են չափորոշիչները: Կարևոր է, որ վարձակալը լինի համայնքի բնակիչ, ունենա համայնքում երկարատև ապրելու ծրագիր: Ունենք նաև երիտասարդ ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև համայնքի համար անհրաժեշտ մասնագետների ապահովման նպատակ: Բնակարանային խնդիրները լուծելով, մենք լուծում ենք համայնքի խնդիրները:

-Հայերի ազգային մտածելակերպը հաշվի առնելով՝ շատերն այնուամենայնիվ սոցիալական բնակարանը համարելու են կարճաժամկետ լուծում և փորձելու են ձեռք բերել սեփական բնակարանը: Այս ծրագրով բնակարանների վաճառք նախատեսվո՞ւմ է:

-Նախնական հաշվարկով՝ բնակարանների 20-30%-ը կհատկացվի վաճառքի: Բնակարանները տրամադրվելու են շուկայականից ցածր գներով, բայց այն պայմանով, որ դա չդառնա շուկայական առքուվաճառքի առարկա: Մենք առաջարկելու ենք վճարման ճկուն համակարգ այն պայմանով, որ երբ ընտանիքը որոշի վաճառել բնակարանը, մենք լինենք առաջին գնորդը: Սա փոխշահավետ առաջարկ է: Ընտանիքը ցանկացած պահի կարող է վաճառել բնակարանը՝ առանց միջնորդների, իսկ բնակարանը մնում է սոցիալական ֆոնդի մեջ: Այն տրամադրվում է թիրախային ընտանիքներից մեկին և չի դառնում շուկայական սպեկուլյացիայի առարկա:

-Ո՞ր փուլում է ծրագիրը Դիլիջանում: Ո՞ր քաղաքն է հաջորդելու նրան:

-Առաջին ծրագրի համար ընտրվել է Դիլիջանը՝ որպես հեռանկարային քաղաք, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ակտիվ մասնակցությունը ծրագրի նախապատրաստական փուլին: Դիլիջանի ծրագրի ֆինանսական հոսքերը կսկսեն այս տարվա ընթացքում: Եթե ամեն ինչ լինի նախատեսվածի պես, մինչև ամառվա վերջ կսկսենք շինարարությունը:

Հաջորդ ծրագիրը կիրականացվի Հրազդան քաղաքում: Վեդիում, Աշտարակում, Ապարանում տարբեր տեսակի ուսումնասիրություններ են կատարվում: Երևանում ևս սկսել ենք աշխատանքները, և քաղաքապետարանի համար առաջին խնդիրը վթարային շենքերն են: Սակայն դա պահանջում է այլ մոտեցում, համագործակցություն քաղաքապետարանի հետ: Կարծում ենք՝ մոտ ժամանակներում կմշակվի նաև Երևանում ծրագրի ներդրման մոդելը:

-Ինչպիսի՞ օժանդակություն եք ակնկալում պետությունից:

-Շատ կարևոր է, որ տեղական իշխանությունները մեզ հետ համագործակցեն: Օրինակ՝ Դիլիջանում մեկնարկած առաջին ծրագրի շրջանակում համայնքը մեզ տրամադրել է հողատարածք, անավարտ շինություններ, որը նվազեցնում է շենքի ինքնարժեքը: Պետության հետագա օժանդակությունը կլինի նպաստավոր հարկային դաշտի ստեղծումը կամ ընտանիքների սուբսիդավորումը:

Տարբեր երկրներում սուբսիդիաների հարցը տարբեր ձևով է լուծվում: Մի դեպքում սուբսիդավորվում են սոցիալական բնակարան առաջարկող կազմակերպությունները, և նրանք օգտվում են արտոնյալ վարկերից, մյուս դեպքում՝ աջակցություն է տրամադրվում ընտանիքին՝ ելնելով նրա եկամուտի չափից: Սա շղթայաձև լուծում է մի շարք սոցիալական խնդիրներ:

-Սոցիալական բնակարանի ինստիտուտը զարգացած է աշխարհի շատ երկրներում, սակայն յուրաքանչյուր երկրում ունի իր առանձնահատկությունները: Ո՞ր երկրի մոդելից եք օգտվել հայաստանյան ծրագիրը մշակելիս:

-Հայաստանի համար ամենահարմար տարբերակն ընտրելու համար մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Նոր բան հորինելու կարիք չկար, և մարդիկ արտասահմանում արդեն 100 տարի է՝ ապրում են սոցիալական բնակարաններում: Խոսքը եվրոպական, հոլանդական մոդելների մասին: Մեզ հաջողվեց գործընկերային հարաբերություններ հաստատել Նիդեռլանդների առաջատար սոցիալական բնակարանային կորպորացիաների հետ, որոնք մեզ հետ միասին սկսեցին աշխատել այս ուղղությամբ:

Exit mobile version