Site icon CIVILNET

Հրաժարվել մուրացկանի կերպարից

Վերջերս Իռլանդիայից ինչ-որ բարեգործական կազմակերպության անդամներ Արցախի դպրոցականների համար նվերներ են բերել: Արցախի Հանրային հեռուստատեսությունը ցույց է տալիս այս ակցիան՝ տնօրենների շնորհակալական խոսքերի հետ միասին: Պատերազմի ավարտից շուրջ երկու տասնամյակ անց Արցախն ընկալվում է որպես երրորդ աշխարհի երկիր, արցախցիները՝ որպես մուրացիկներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել նման նվերների առկայությունը: Արցախցի դպրոցականներին հասած տուփերի մեջ եղել են խաղալիքներ, ատամի մածուկ ու խոզանակ և այլն: Ինչո՞ւ են մեզ վերաբերվում որպես աֆրիկյան թշվառ ու աղքատ մի երկրի: Ո՞վ է թույլ տվել:
Պատերազմի ժամանակ, երբ Արցախ հումանիտար օգնություն էր բերվում, այn՛, ժամանակ դա նորմալ էր ընկալվում, քանզի շրջափակման մեջ գտնվող, պատերազմից տուժած երկրի համար ընդունելի էր ամեն մի օգնություն:

Քերոլայն Քոքսը՝ բրիտանացի լորդուհին, որը պատերազմի հենց սկզբից նախաձեռնեց նման ակցիաներ, տարիներ հետո փոխեց օգնության ուղղությունը. կոնֆետ բաժանելու փոխարեն արցախցի ուսանողներին առաջարկեց կարճաժամկետ կրթական ծրագիր Բրիտանիայում, Ստեփանակերտում ստեղծվեց վերականգնողական կենտրոն, դեպի Արցախ կազմակերպվեց ուխտագնացություն, ինչը շատ բրիտանացիների թույլ տվեց ճանաչել մեր հայրենիքը:

Իռլանդական կազմակերպության հետ կոնտակտի մտած արցախյան իշխանավորները հենց սկզբից պետք է մերժեին ստորացնող օգնությունը և առաջարկեին այլ տարբերակներ, օրինակ՝ այդ նույն ծախսերով կազմակերպել արցախցի առաջադեմ երկու-երեք դպրոցականների՝ Իռլանդիայում մեկ տարի սովորելը կամ ամառային արձակուրդների ընթացքում իռլանդական ընտանիքներին հյուրընկալվելը՝ անգլերենը կատարելագործելու, իռլանդական մշակույթին ծանոթանալու համար:

Աջակցությունները, որոնք ուղղված են զարգացման ծրագրերին, կրթության որակի բարձրացմանը, միշտ էլ ողջունելի են: Այս ամենը, ի դեպ, պետք է լինի փոխադարձ: Արցախն էլ ստաժների հնարավորություն պետք է ընձեռի, օրինակ, իռլանդացի ուսանողներին: Եթե պետություն ես հռչակել, ապա պետք է քեզ պետության պես պահես, ոչ թե մուրացկանի:

Սփյուռքի հետ հարաբերություններում կրկին գերիշխում է մուրացիկի կերպարը: Սփյուռքը մեծածավալ ներդրումներ է արել Արցախի ենթակառուցվածքների վերականգնման մեջ, ուղարկել մարդասիրական օգնություն: Այսօր այդ նույն Սփյուռքում մեծ դժգոհություններ կան ծախսված գումարների արդյունավետության, մասնավորապես Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ժամանակ տեղ գտած չարաշահումների և ՀՀ-ում ու Արցախում տիրող կոռուպցիոն բարքերի նկատմամբ:

Բա՛վ է՝ Սփյուռքին ներգրավենք նմանատիպ ծրագրերի մեջ: Սփյուռքի ներուժը շատ ավելի մեծ է: Եթե օգնություն՝ ապա դասախոսների, մասնագետների, ներդրումների ձևով: Վստահաբար կգտնվեն 5 հազար դոլար վաստակող հայազգի պրոֆեսորներ, որոնք, օրինակ, ամիսը 5 հարյուր դոլարով մեկ կիսամյակ կդասավանդեն արցախյան բուհերում:
Բավական է, որ մի փոքր վստահելի երկիր ստեղծենք, և հայկական բիզնեսը ամիսների ընթացքում կստեղծի Արցախին անհրաժեշտ բոլոր աշխատատեղերը:

Վերոնշյալին, որպես կանոն, ընդդիմանում են մեր իշխանավորները՝ իրենց անարդյունավետությունը և խղճուկ թալանն ապահովելու համար:

Exit mobile version