Խորհրդարանական այս ընտրությունը մեր քսանամյա անկախության թերևս ամենակարևոր ընտրությունն է:
Առաջին՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հրամայականը երբեք այսքան հրատապ չի եղել: Միաժամանակ, այդ իրավիճակը փոխելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:
Երկրորդ՝ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:
Այլ կերպ ասած՝ երկու պարագաներում նպատակն ու հնարավորությունը համընկնում են: Իհարկե, բոլոր վերը նշված գործոնները շաղկապված են և մեկը մյուսին լրացնում են:
Կուզենայի սկսել վերջից: Այս անգամ իրատեսական է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, որովհետև և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համբերության բաժակը լցվել է: Բոլորը վճռական են միասնաբար ու առանձին-առանձին պայքարել ընտրակեղծիքների դեմ: Դրա մասին են վկայում հասարակական բազմաթիվ շարժումները և քաղաքական ուժերի՝ ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու գործնական քայլերը:
«Բարգավաճ Հայաստան»-ը վճռական է այս հարցում: Մենք ներդնելու ենք մարդկային և տեխնիկական հնարավոր բոլոր ռեսուրսները և ինչպես առանձին, այնպես էլ մյուս ուժերի հետ համագործակցությամբ պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ, տեր ենք կանգնելու ու պաշտպանելու ենք յուրաքանչյուրի քվեն:
Հայաստանի համար ազատ ու արդար ընտրությունները անհրաժեշտ են՝ որպեսզի վերականգնենք ժողովրդի վստահությունը համակարգի հանդեպ, որպեսզի խորհրդարանը ճիշտ արտացոլի երկրում առկա քաղաքական պատկերը, որպեսզի կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը և կառուցենք իրական հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ, որպեսզի նոր խորհրդարանը և նոր կառավարությունը ունենան օրինականության և ժողովրդի վստահության այնպիսի պաշար, որը թույլ կտա լուծել ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրները, իրականացնել մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ և անխուսափելի խորքային բարեփոխումները և դիմագրավել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին:
Առանց ազատ ու արդար ընտրությունների, առանց քաղաքական հակակշիռների և առանց օրինականության մենք պարզապես դատապարտված ենք ձախողման: