Site icon CIVILNET

Արավուս. հայ ու ադրբեջանցի զինվորները՝ իրարից 20 մետրի վրա

Սյունիքի մարզի Արավուս գյուղն ունի ավելի քան 170 բնակիչ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել համայնքի 53 հեկտար հողատարածքը։ Գյուղապետ Արգամ Հովսեփյանը ցույց է տալիս խորհրդային տարիների քարտեզներն ու անկախությունից հետո գյուղին տրամադրված կադաստրային փաստաթղթերը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հողատարածքը գյուղինն է։ Նա մեկ շաբաթ կարողացել է պահպանել այդ տարածքները, սակայն Բաքվից ժամանած գեներալի հետ բանակցություններն արդյունք չեն տվել, և բանակի հորդորով դուրս են եկել այդ հողերից։

Հովսեփյանը դիմում է ՀՀ կառավարությանը՝ գործուն քայլեր ձեռնարկելու պահանջով։ Գյուղացիներն արդեն մի քանի տասնյակ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են վաճառել. արոտավայր չունեն։ Մեր նկարահանման ժամանակ հերթական խմբաքանակն էին ուղարկում գնորդին։ Արավուսից տեսանելի են ադրբեջանական դիրքերը․ Սյունիքում սա միակ տարածքն է, որտեղ նույն սարի գագաթին միմյանցից ընդամենը 20 մետր հեռավորության վրա հերթապահում են հայ և ադրբեջանցի զինծառայողները։

Exit mobile version