Site icon CIVILNET

Google-ի զուտ շահույթն աճել է 60%-ով

Ներդրողներին ոգևորելու նպատակով կորպորացիայի գործադիր տնօրեն Լարի Փեյջը ներկայացրել է նաև ընկերության բաժնետերերի համար նախատեսված նոր արժեթղթերի թողարկման ծրագիրը։ Այն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս ամռանը։

Ընդհանուր առմամբ, Google-ի ֆինանսական ցուցանիշները համընկել են շուկայի կանխատեսումներին։ Զուտ շահույթը կազմել է $2,89 մլրդ՝ $10,65 մլրդ հասույթի դեպքում (24% աճ)։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթը կազմել է $3,39 մլրդ կամ հասույթի 32%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2011թ. միևնույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է $2,3 մլրդ կամ հասույթի 27%-ը։

Google-ին պատկանող կայքերի հասույթը կազմել է $7,31 մլրդ (կազմում է ընդհանուր հասույթի 69%-ը), գործընկեր կայքերինը՝ $2,91 մլրդ (ընդհանուր հասույթի 27%-ը)։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ընկերության հասույթը կազմել է $5,77 մլրդ։

Google-ի կայքերում վճարովի քլիքների և ընկերության գովազդային ցանցի անդամների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել է 39%-ով։ Քլիքի միջին արժեքը նվազել է 12%-ով։

Ինչ վերաբերում է նոր բաժնետոմսերին, ապա դրանք ցուցակվելու են NASDAQ բորսայում։ Բաժնետոմսերը կբաժանվեն բոլոր բաժնետերերին։ Այդպիսով նրանցից յուրաքանչյուրը կստանա երկու անգամ շատ բաժնետոմս։ Չքվեարկող այս նոր արժեթղթերը նախատեսված են կորպորատիվ օգտագործման համար։

Exit mobile version