Site icon CIVILNET

Ինչ է լինում, երբ ռուսները հեռանում են Անդրկովկասից

Ի՞նչ է լինելու, երբ ռուս խաղաղապահները հինգ տարի հետո, ինչպես ամրագրված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, հեռանան ղարաբաղյան հակամարտության գոտուց: Ձևակերպումը այլ է. Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը հինգ տարի է՝ հաջորդ հինգ տարվա ինքնաբերական երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Սա նաև հայտարարության ամենավտանգավոր կետերից է: Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը և Թուրքիան հինգ տարի հետո այլևս չցանկանան ռուս խաղաղապահների ներկայությունը: Այս կետի հետ կապված Հայաստանը փաստացի ի զորու չէ ազդեցություն ունենալու, և մեր հույսը ռուսներն են: Այսինքն՝ Արցախի անվտանգության և իրավունքի խնդիրը մենք պատվիրակել, թողել ենք, ավելին՝ ստիպված ենք եղել թողնել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որի շահերը Արցախում պարտադիր չէ, որ համընկնեն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերի հետ:

Շատերը կասեն՝ ռուսները երբեք չեն հեռանալու Արցախից: Քիչ ներքևում պատմական օրինակներով ցույց կտանք, թե ինչպես են վերջին 120 տարիներին ռուսները առնվազն երեք անգամ հեռացել հայկական հողերից:

Արցախի անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը ապահովելու մի քանի տարբերակներ կան:

Առաջին. ռուս խաղաղապահները չեն հեռանում և մնում են 5 տարի, 50 տարի… Այսպիսով, Արցախը ավելի շատ դառնում է ռուսական: Մեծ հաշվով, 1805 թվականից մինչև 1918-ը Արցախը եղել է ռուսական տիրապետության տակ՝ Ռոմանովների ժամանակաշրջանում: Այդ ժամանակահատվածում ամբողջ Անդրկովկասն է եղել ցարական Ռուսաստանի կազմում:

Երկրորդ. Հայաստանը այնքան է հզորանում, որ ի վիճակի է լինում ապահովել Արցախի անվտանգությունը, ինչպես եղավ 1991-ից մինչև 2020՝ շուրջ 30 տարի:

Երրորդ. Երևանն ու Բաքուն գտնում են կարգավորման մի տարբերակ, որով Արցախը չի պատկանում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, բայց նաև անկախ չէ: Սա անվանենք այսպես՝ դե ֆակտո անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում:

Անշուշտ, հնարավոր է ներկայացնել այլ տարբերակներ ևս. Հայաստանն այնքան է հզորանում, որ միացնում է Արցախը իրեն, կամ՝ Ադրբեջանն այնքան է հզորանում, որ կլանում է Արցախը: Վերջին տարբերակը մղձավանջ է. այն պահին, երբ Արցախը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, լավագույն դեպքում բոլոր հայերը կարտագաղթեն կամ կենթարկվեն արտաքսման, վատագույն դեպքում՝ կենթարկվեն կոտորածի:

1915-1918 թվականների ընթացքում ռուսական զորքերը երկու անգամ հեռացան հայկական նահանգներից և երկու դեպքում էլ, հատկապես 1918-ի հունվար-մայիսին, եղավ հայկական աղետ՝ մեկը՝ Վանում, մյուսը՝ Էրզրումից մինչև Ալեքսանդրապոլ:

Եվս մեկ աղետ եղավ 1920-ին, երբ Հայաստանի այն օրվա դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Եվրոպան ու Ամերիկան, լքեցին մեզ ու մենք մնացինք մենակ թուրքական սպառնալիքի դեմ:

Ահա այդ պատճառով է, որ վտանգավոր ենք համարում ամբողջովին ու անվերապահորեն երրորդ ուժին ապավինելու քաղաքականությունը՝ երրորդ ուժը լինի Ռուսաստանը, Եվրոպան թե Ամերիկան: Ահա այդ պատճառով է, որ պետք է շփման եզրեր գտնել թուրքերի ու ադրբեջանցիների հետ:

Հայ-ադրբեջանական պատերազմներն ու կոտորածները հետևել են Ռուսաստանում ստեղծված ներքին դժնդակ ժամանակներին: Ռեակցիայի շրջանում տեղի ունեցան հայ-թաթարական 1905-1906 թվականների բախումները, որոնք ընդգրկեցին Անդրկովկասի գրեթե բոլոր տարածքները, որտեղ կողք-կողքի բնակվում էին հայեր և մահմեդականներ: Բաքվում և Նախիջևանում ավելի շատ տուժեցին ու կոտորվեցին հայերը, Շուշիում ու Երևանում՝ թաթարները:

Ռոմանովների կայսրության անկումից ու Անդրկովկասի անկախացումից հետո սկսվեցին հայ-ադրբեջանական տարածքային վեճերը, որոնցից ամենաուժգինը Ղարաբաղ-Զանգեզուրում էր: Հայաստանը կարողացավ պահել Զանգեզուրը, բայց չկարողացավ՝ Արցախը, որը ինքնավար մարզի կարգավիճակով անցավ Խորհրդային Ադրբեջանի կազմ և մեծ հաշվով պահեց իր հայկական էթնիկ կազմը: Նույն բանը չհաջողվեց մեկ այլ հայկական երկրամասում՝ Նախիջևանում, որը 1919-ի դեկտեմբերին ենթարկվեց կոտորածի, իսկ խորհրդային շրջանում գրեթե ամբողջությամբ զրկվեց հայ բնակչությունից:

1991-1994 թվականների ղարաբաղյան պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ խորհրդային ներքին զորքերը և 366-րդ բանակը հեռացան Ստեփանակերտից: 1988-1991 թվականներին հայերն ու ադրբեջանցիները հավասարապես մեղադրում էին խորհրդային զորքերին կողմնակալ կեցվածքի համար, բայց բավական էր, որ 1991-ի դեկտեմբերի վերջերին ու 1992-ի փետրվարին նրանք հեռանային և սկսվեր արյունալի պատերազմը:

Այսօր, առավել քան երբեք, հայերը չեն ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ռուս խաղաղապահները հեռանան ղարաբաղյան հակամարտության գոտուց: Ռուսները Անդրկովկասից հեռացել են կայսրությունների կործանման և ներքին խժդժությունների դեպքում:

Շատ հայեր անգամ չեն բարձրաձայնում Արցախի կարգավիճակի խնդիրը: Այսօր, թվում է, առաջնահերթ է Արցախի անվտանգությունը, այն հայկական պահելը, բնակչության թվաքանակի պահպանումն ու ավելացումը: Կարո՞ղ ենք մենք ապահովել Արցախի ֆիզիկական անվտանգությունը, եթե անգամ այն անկախ լինի: Մենք՝ Հայաստանը, չկարողացանք դիմակայել ադրբեջանական հինգ-հոգանոց խմբերին, որոնք շաբաթներ առաջ դրոշները պարզած՝ հայտնվեցին Սոթքում, Որոտանում և Շուռնուխում:

Հարյուրամյակների ընթացքում Արցախը մաս է կազմել տարբեր օտար տերությունների և հասել է մինչև մեր օրերը բացառապես մեկ պատճառով՝ Արցախի հայկական հողի վրա հայ մարդն է ապրել: Հետևաբար, անկախ կարգավիճակից, այսօր առաջնահերթ է Արցախը հայկական պահելը:

Թաթուլ Հակոբյան

Exit mobile version