Անդրադառնալով տարիներ շարունակ ՏՏ ոլորտի զարգացումը որպես գերակա ճյուղ հռչակելու ու ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունների հարցին՝ Մարկոսյանը նշել է, որ այս առումով հեռանկարային է ծրագրային ապահովման նախագծման այն սեգմենտը, որը կապված է չիպ-դիզայնի հետ։ «Այս բնագավառում Հայաստանը հայտնի է, քանի որ երկրում ներկայացված են աշխարհի երեք խոշոր ընկերություններից երկուսը՝ Synopsys-ը և Mentor Graphics»,- ասել է Մարկոսյանը։
Նա ներկայացրել է նաև հիմնական խոչընդոտները։ «Լավ կլիներ, որ պետությունը ունենար զարգացման ռազմավարական տեսլական և ասեր՝ որ ուղղությամբ է պետք շարժվել և ներդրումներ կատարել։ Պետությունը ցավոք այսօր հնարավորություններ չունի ներդրումներ կատարելու, չունի նաև իր տեսլականը»,- նշել է Մարկոսյան։
Մեկ այլ խնդիր է նաև կրթական համակարգի բարելավումը և դրա համապատասխանեցումը ընկերությունների պահանջներին։ «Խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, մշտապես տաղանդներ են փնտրում։ Հայաստանյան բուհերի հիմնական խնդիրը որակյալ կադրերի պատրաստումն է, որպեսզի երկրում ներկայացված ընկերությունները ինչ-որ պահի չկորցնեն հետաքրքրությունը և չգնան Հնդկաստան և Չինաստան»,- ասել է Մարկոսյանը։
Նշենք, որ ԱՄՆ-ում 1981թ. հիմնադրված Mentor Graphics, Inc.-ը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման արդյունաբերության աշխարհում երրորդ խոշոր ընկերությունն է։ Mentor Graphics-ը հայկական շուկա մուտք է գործել 2008թ.՝ գնելով Ponte Solutions-ը։ Ներկայում ընկերությունը Հայաստանում 100 աշխատակից ունի։