Site icon CIVILNET

«gt հաքաթոն Հայաստան 2012»-ին կմասնակցի մինչև 15 թիմ

Ծաղկաձորում ապրիլի 27-29-ը կայանալիք gt hackathon Armenia 2012-ին (gt հաքաթոն Հայաստան) մասնակցության հայտ է ներկայացրել 17 թիմ: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տեղեկացրեց GTUG Հայաստան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը:

Այս հաքաթոնի նպատակն է նախագծել Android օպերացիոն համակարգի վրա բջջային ծրագրեր և Google Chrome բրաուզերի համար հավելումներ (extensions/apps): Հաքաթոնը նպատակ ունի նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

Վարդան Գրիգորյանի տեղեկացմամբ`խմբերից մեկը ցանկանում է նախագծել Android ծրագիր երևանյան իրադարձությունների մասին, թե որտեղ ինչ կա: Մեկ այլ խմբի գաղափարն է Հայաստանի եկեղեցիների մասին տեղեկություններով ծրագիր ստեղծել: Ներկայացված գաղափարներից է նաև բանկոմատների հասցեներով Android ծրագրի նախագծումը: Նախատեսվում է նաեւ ընտրել դիմողներից 10թիմ, սակայն լավ գաղափարների գերակշռման պարագայում հնարավոր է մասնակցի մինչև 15-ը:

Ըստ Գրիգորյանի` Ծաղկաձորում հաքաթոնին ներկա են լինելու հյուրեր Վրաստանի և ՈՒՖԱ-ի GTUG ներկայացուցիչներ, ևս մեկ հյուր Google ընկերությունից:

gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն և Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Հաքաթոնի վերջում ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` «Լավագույն ծրագրային լուծում Android օպերացիոն համակարգով սարքերի համար» (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) և «Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար» (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում:

Նախկինում GTUG Հայաստան խումբը մասնակցել է ԱՊՀ երկրների մաշտաբով Chrome հաքաթոնի: Իսկ այս հաքաթոնը խմբի կողմից կազմակերպվող առաջին տեղական միջոցառումն է:

Հաքաթոնները ծնունդ են առել Սիլիկոնե հովտում: Դրանք ծրագրավորման միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով խնդիրների լուծումներ նախագծելուն նորարարական տեխնոլոգիաներով: «Հաքաթոն» տերմինը գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից. վերջինս տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

Exit mobile version