«Երեք տարուց կլրանա հայ ժողովրդի պատմության այդ սարսափելի իրադարձության 100 տարին: Ճիշտ է և պետք է պահանջել որևէ փոխհատուցում: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքայի ղեկավարության ամոթն ու խայտառակությունն է: Մարդիկ պետք է հասկանան, որ չարիքն անպատիժ չի մնում»,-ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Նրա խոսքով, ռուսաստանյան գրախանութները լի են Ցեղասպանությունը ժխտող ադրբեջանցի և անանուն հեղինակների գրքերով: «Այդ գրքերում պնդում են, որ Ցեղասպանությունը հորինված է: Ինչու՞ Ռուսաստանի հարուստ հայերը կամ հայկական համայնքը միջոցներ չի հավաքում` պայքարելու այս անհեթեթության դեմ: Ես զարմանում եմ»,- ընդգծեց Վլադիմիր Զախարովը:
Ռուբեն Սաֆրաստյանը ցավով նշեց, որ վերջին տարիներին իսկապես ադրբեջանական կողմից մեծ ակտիվություն կա Ցեղասպանության ժխտումը քարոզելու հարցում՝ չնայած որ այն կատարվել է Օսմանյան կայսրության ձեռքով: «Հայոց ցեղասպանությունը միջազգային խնդիր է, ահա թե ինչու զարմանալի չէ ադրբեջանցիների նման ակտիվությունը»,-ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին և մշակի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծ: