Site icon CIVILNET

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցն ընտրությունների մասին` երկու ամսից

Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն է հայտնել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապասխան անցկացումը, և հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և այն համատեղ աշխատանքի համար, որ մինչ այս տարվել է ԱԺ տարբեր օղակների հետ, Ռադմիլա Շեկերինսկան վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի` իր նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացմանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում: Դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն իրոք կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաև զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:

Տիկին Շեկերինսկան ճիշտ որոշում է որակել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարևորել այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար` բոլոր կողմերին ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, և եզրահանգումն այպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձևաչափը կարելի է կիրառել նաև հետագայում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ երկու ամիս անց կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը, որում կներառվեն նաև հետընտրական որոշ դիտարկումներ, ինչպես նաև առաջարկներ:

Exit mobile version