Ընկերության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մեդիա ստորաբաժանման ղեկավար Ռոս Լևինսոնը, ասված է ընկերության հաղորդագրությունում։ Yahoo!-ի տնօրենների խորհրդի նախագահ է դարձել ռեժիսոր Ֆրեդ Ամորոզոն։
Ընկերությունը նաև հաղորդում է, որ Third Point LLC-ի հետ (նրան է պատկանում Yahoo!-ի 5,8-տոկոսանոց մասնաբաժինը) հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների համար։ Ավելի վաղ Third Point LLC-ն իր թեկնածուներին է առաջադրել խորհրդում, սակայն երկարատև բանակցություններից հետո բաժնետերը համաձայնել է հետ կանչել իր առաջարկը և աջակցել Yahoo!-ի թեկնածուներին։
Նշենք, որ Թոմփսոնի ինքնակսենագրականի շուրջ սկանդալը ծագել էր ընթացիկ ամսվա սկզբին, երբ Third Point-ի հիմնադիր Դեն Լեբը սկսել էր կասկածել, որ Yahoo!-ի գլխավոր տնօրենը միաժամանակ և´ բիզնես վարչարարության բակալավրի աստիճան ունի, և´ գիտական աստիճան՝ ինֆորմատիկա մասնագիտությամբ։ Լեբն ուսումնասիրել է արխիվները և պարզել, որ Սթոունհիլի քոլեջում Թոմփսոնի ուսանելու տարիներին ինֆորմատիկայի դասընթաց ընդհանրապես չի եղել և չորս տարի անց է միայն ներառվել քոլեջի կրթական համակարգում։ Բաժնետերերի կարծիքով՝ թյուրիմացության պատճառն այն է, որ ինքնակենսագրականում նշվել է, որ Թոմփսոնը հաճախել է համակարգչային դասընթացների։ Yahoo!-ն ընդունել էր սխալը և նշել, որ այս վրիպակը, ամեն դեպքում, չի ազդում 54-ամյա Թոմփսոնի՝ որպես ղեկավարի հատկանիշների և ունակությունների վրա, որն ավելի վաղ ղեկավարել է նաև PayPal վճարային համակարգը։
Հիշեցնենք, որ Թոմփսոնը Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր ընթացիկ տարվա հունվարից։ Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Քերոլ Բարցը, իսկ ավելի վաղ՝ ընկերության հիմնադիր Ջերի Յանգը։