Site icon CIVILNET

Լագարդը` քաղաքական սկանդալի կենտրոնում

Բրիտանական Guardian պարբերականին տված հարցազրույցում Քրիստին Լագարդը հույներին կոչ էր արել վճարել հարկերը և հայտարարել էր, որ աֆրիկացի երեխաներն ավելի շատ օգնության կարիք ունեն, քան Աթենքի բնակիչները:

Լագարդի արտահայտությունները «վիրավորական» է անվանել հույն սոցիալիստների առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը: «Իր արտահայտություններով տիկին Լագարդը վիրավորել է հույն ժողովրդին: Ես նրան կոչ եմ անում վերանայել իր հայտարարությունները»,- գրել է Վենիզելոսը Twitter-ի իր էջում:

Հույն ձախ արմատականների ՍԻՐԻԶԱ բլոկի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենի արտահայտություններն անվանել է «անընդունելի»: «Նրա կարեկցանքը մեզ ամեից քիչն է հարկավոր: Հույն աշխատողները ծանր հարկեր են վճարում»,- հայտարարել է նա:

Լագարդի արտահայտություններին սուր է արձագանքել նաև Ֆրանսիայի ուլտրաձախերի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը: «Ինչպե՞ս նա կարող է այդպես խոսել հույների հետ: Այդ կինն ի՞նչ գիտի Հունաստանում տիրող իրադրության մասին: Ինչո՞ւ նա չի հիշատակում հույն նավատերերի, կապիտալիստների մասին, որոնք պետք է, սակայն չեն վճարում հարկերը, ուղղափառ եկեղեցու մասին: Իսկ ահա հասարակ մարդիկ հենց նրանք են, ովքեր վճարում են: Այսպիսի վրդովեցուցիչ խոսքերից հետո, եթե քաղաքական գործիչների շրջանում դեռ գոյություն ունի որևէ էթիկա, նա պետք է հրաժարական տա»,- ասել է Մելանշոնը:

Բուռն քննադատությունից հետո ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենը, ի վերջո, Facebook-ի իր էջում հարգանք է հայտնել հույն ժողովրդի նկատմամբ` ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերի համար:

Exit mobile version