Site icon CIVILNET

Կառավարությունն առաջարկում է մետաղական հանքերի ռոյալթիի 2%-ը մասհանել ազդակիր համայնքներին

Լուսանկարում Քաջարան համայնքն է։

Հայաստանի կառավարությունն ուշագրավ փոփոխություններ է նախատեսում մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարած հարկատեսակների կառուցվածքում։ Մասնավորապես, կառավարության օգոստոսի 5-ի նիստում առաջարկվում է քննարկել օրենսդրական փաթեթ, որով հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը կուղղվի ազդակիր համայնքներին։

Ռոյալթին մետաղական հանքարդյունաբերողների համար սահմանված վճարի տեսակ է և վերջին տարիներին հանքարդյունաբերողների կողմից այս հարկատեսակներով վճարումները պետությանը գնալով մեծանում են։ Ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019-ի զեկույցի՝ եթե 2016-ին ընդերքօգտագործողների կողմից վճարված ռոյալթին կազմել էր 23.5 միլիարդ դրամ, ապա 2019-ին գերազանցել է 37.5 միլիարդը։

Որոշման հիմնավորումներում կառավարությունը նշում է, որ ընդերքօգատգործողները համայնքներում իրականացնում են սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր, բայց հաճախ դրանք ֆիքսված չեն, որոշ ընդերքօգտագործողներ էլ թերակատարել են պայմանագրով նախատեսված պարտավորությունները. «Որոշ ընդերքօգտագործողներ տվյալ համայնքների սոցիալ-տնտեսական ծրագրերի զարգացման մեջ թեև ներառված են, սակայն դա օրենսդրական պահանջ չէ և կրում է միայն կամավոր բնույթ։ Այդ բարեգործական ծրագրերը շատ հաճախ կրում են խառը և ոչ կանոնակարգված բնույթ։ Օրինակ, ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերքօգտագործողները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը»,- նշել է կառավարությունը։

Խնդիրը լուծելու տարբերակը, ըստ գործադիրի, ռոյալթիի 2 տոկոսը համայնքներին փոխանցելն է, իսկ նման մեխանիզմի օրինակ երկրներ նշվել են Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան ու Ղրղզստանը։

Կառավարությունը ազդակիր համայնքներին առաջարկելու է նաև առանձին հաշվետվություն հրապարակել իրենց կողմից ստացած ռոյալթիների վճարի ծախսման ուղղությունների ու ծրագրերի վերաբերյալ։

Կառավարության կողմից ներկայացված փաթեթի վերաբերյալ ամենաակտիվը դիտողություններ հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը, որը, օրինակ, առաջարկել է ոչ թե գնալ այս կարգավորմանը, այլ ընդերքօգտագործողների կողմից ազդակիր համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու պարտավորության մեխանիզմներ սահմանել։ Կառավարության նոր նախաձեռնությունից պարզ չի դառնում՝ ռոյալթիի այս մասհանումն արդյոք փոխարինելո՞ւ է հանքարդյունաբերողների կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին ու պայմանագրային պարտավորություններին, թե՞ դրանք գործելու են զուգահեռաբար։

Ըստ ԱՃԹՆ զեկույցի՝ 2019-ին 11 ընդերքօգտագործողների կողմից ստանձնված սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորությունների կատարումը կազմել է 4,3 միլիարդ դրամ։ Այս գումարի առյուծի բաժինը՝ ավելի քան 4 միլիարդը ներդրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կողմից։ Ծրագրերը եղել են համայնքներում նախադպրոցական ու դպրոցական շենքերի վերանորոգումների, ասֆալտապատման, գազաֆիկացման, սպորտային ու մշակութային միջոցառումների տեսքով։ Բացի այս, 11 ընդերքօգտագործողներ ավելի քան 5 միլիարդ դրամի չափով նվիրատվություններ են կատարել հասարակական կազմակերպություններին, անհատ անձանց ու հիմնադրամներին (Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն օրինակ 3,7 միլիարդ է փոխանցել իրեն կից հիմնադրամին)։ Ինչպես վերը նշեցինք, կառավարության ներկայացրած նախագծից պարզ չէ՝ արդյոք այս նվիրատվությունների պարտավորությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ռոյալթիի մասհանումից հետո պարզապես համայնքներն են տնօրինելու այդ միջոցները։

7-րդ գումարման խորհրդարանի մի խումբ պատգամավորներ գարնանը շրջանառության մեջ էին դրել մի նախագիծ, որով առաջարկվում էր բարձրացնել ռոյալթիների դրույքաչափը, քանի որ միջազգային շուկայում մետաղների գներն էականորեն բարձրանում էին։ Նախագծի հեղինակներից Արտակ Մանուկյանը, ով այլևս պատգամավոր չէ, ասաց՝ ռոյալթիների մասով փոփոխություններն ավելի անհրաժեշտ ու հիմնավորված են, քան պետական տուրքի մասով. «Ըստ էության, ազդակիր համայնքները այդքան էլ ուղղակիորեն ներգրաված չէին, քանի որ միանգամից ռոյալթին գնում էր պետական բյուջե։ Այս նախագծով նրանք միանգամից ռոյալթիները ինչ-որ չափով կուղղեն ազդակիր համայնքներին։ Նախկինում դա արվում էր հիմնադրամների միջոցով, իսկ հիմա սա թափանցիկություն ու ինստիտուցիոնալ հենք ունի»,- ասում է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ռոյալթիների ինստիտուտը դեռ պիտի բարելավվի, իսկ ազդակիր համայնքներն ավելի հստակ ու կանոնակարգված հարաբերություններ պիտի ունենան այդ համայնքներում գործող հանքարդյունաբերական ընկերությունների հետ։ Օրենքների փաթեթը, ըստ կառավարության, պիտի ուժի մեջ մտնի 2023-ից և այն դեռ քննարկվելու է խորհրդարանում։

Մկրտիչ Կարապետյան

Exit mobile version