Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Գերմանիան բանաձևի նախագծում առաջարկում են դիտորդական առաքելությունը երկարաձգել 45 օրով, ինչպես նաև օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածից՝ Սիրիայի՝ Անանի վեց կետից բաղկացած ծրագրին հետևելու և երկրում անցումային կառավարություն ստեղծելու համար։ Նշենք, որ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածը կարող է օգտագործվել ռազմական միջամտության արտոնման համար։
«Նա (Քոֆի Անան) Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել հաղթահարել ազգային տարաձայնությունները և լուրջ հետևանքներով համատեղ ճնշում գործադրել հակամարտության երկու կողմերի վրա անհնազանդության դեպքում»,- ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Գրանտը։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը ընդգծել է 7-րդ հոդվածին դիմելու կարևորությունը։ «Մենք ենթադրում ենք, որ Անվտանգության խորհուրդը պետք է Քոֆի Անանի ծրագրի կատարումը կապի 7-րդ հոդվածի հետ, որպեսզի պարզ ցույց տա դրա իրականացման պարտադիր բնույթը»,- նշել է Ռայսը։
Արևմտյան տերությունների առաջարկած բանաձևի նախագծի տեքստում կան պատժամիջոցների՝ միայն պաշտոնական Դամասկոսին ուղղված սպառնալիքներ այն դեպքում, եթե չդադարեցվի ռազմական ծանր տեխնիկայի կիրառումն ու չիրականացվի կանոնավոր բանակի զորամիավորումների դուրսբերում քաղաքներից։
Ակնկալվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարգելափակեն բանաձևը։
Վերլուծաբանները նշում են, որ ԱԽ անդամները հնարավոր է՝ փոխզիջման գան ՄԱԿ-ի դիտորդական առաքելության առաջադրանքների հարցում։ Եթե նախկինում նրանց հիմնական նպատակը զինանդադարին հետևելու պայմանների ստուգումն էր, ապա ապագայում ծրագրվում է նրանց ներառել Սիրիայում անցումային կառավարության ստեղծման գործընթացում․ վերջինիս ստեղծման շուրջ առաջատար տերությունները համաձայնության են եկել հունիսի 30-ին Ժնևում կայացած հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում շարունակվում է 2011թ․ մարտից։ Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող զանգվածային բռնություններում։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների բանդաներ», որոնց աջակցում են արտասահմանյան արմատական իսլամիստական խմբավորումները։