Site icon CIVILNET

Հայաստանը գնահատում է Արցախի դեմ ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը․ օգոստոսի 16-ին Երևանում Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի հայտարարության շրջանակներում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։

Խոսելով Ուրուգվայի հետ հաստատված համագործակցության մասին՝ Գրիգորյանը շարունակել է․ «Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ և ուրուգվայցի ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

Գիտեք նաև, որ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ ուրուգվայահայ համայնքը, որը մշտապես եղել է Ուրուգվայի պետության հոգածության ներքո, իր ավանդն է բերում այդ երկրի զարգացման գործում՝ մեր երկրների հարաբերություններում կատարելով նաև յուրօրինակ կամրջի դեր։

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։

Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային և աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը:

Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա»:

Exit mobile version