Site icon CIVILNET

Կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության. կառավարության ծրագիր

Կառավարությունը խոստանում է, որ «ռազմավարական հեռանկարում Հայաստանը աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը»: Այս խոստումը ամրագրվել է գործադիրի՝ 2021-2026թթ. գործունեության ծրագրում, որը հաստատվել է օգոստոսի 18-ի նիստին։

Գործադիրը նախատեսում է այնպիսի փոփոխություն իրականացնել, որ Հայաստանի պետական սահմանները պաշտպանեն ոչ թե Զինված ուժերը, այլ սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության և մարտունակության բարձրացման հարցերով: Այդ նպատակով նախատեսվում է նաև ավելացնել սահմանապահ զորքերի անձնակազմի քանակը։

«Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը, և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը»,- կառավարության վերջին նիստին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ծրագրի՝ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը «մեծապես հիմնվում է 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա»։ Գործադիրը մտադիր է զինծառայության ժամկետները կրճատել՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։

Բանակում զարգացնելու են «հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմը», թե կոնկրետ որ գործիքակազմերի մասին է խոսքը, չի մանրամասնվում։ Ի թիվս այլ բարեփոխումների, «Զինված ուժերում շարունակաբար կաճի կանանց ներգրավվածությունը»: Ավելանալու են «զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործվելու են զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները»։

Իրավական գործընթացների շրջանակում նախատեսվում է վերանայել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակել նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործել պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը:

Զինված ուժերին նվիրված բաժինն ավարտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստերից մեկին արված հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետությունունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

Բարձր տեխնոլոգիաներին առնչվող բաժնում էլ գործադիրը մանրամասնում է, թե ինչ քաղաքականություն է որդեգրել ռազմարդյունաբերության ոլորտում. «Խթանելու ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա»,- նշված է ծրագրում։

Այս ոլորտում գործադիրը նախ ցանկանում է բարելավել ու պարզեցնել օրենսդրությունը, որպեսզի նպաստի «երկակի նշանակության արտադրատեսակների ներկրմանն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը»։

Նախատեսում են «շեշտակի բարձրացնել արտադրական կարողությունները», ինչպես նաև ընդլայնել Զինված ուժերի կարիքների բավարարման համար տեղական արտադրանքի գնման ծավալները։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version