Site icon CIVILNET

Ղարիբաշվիլին համոզված է՝ Փաշինյանը «հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի երկօրյա պաշտոակայն այցի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հետ:

Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետը, ողջունելով Փաշինյանին, շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի առթիվ։

«Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին», – ասաց Ղարիբաշվիլին։

Իր հերթին Հայաստանի վարչապետը նշեց՝ «մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք»: Սա, նրա խոսքով, լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հարցեր, տարածաշրջանային հարաբերությունների հարցեր, միջազգային հարաբերությունների հարցեր»։

Փաշինյանը նաև գոհունակություն հայտնեց երկու երկրների կառավարությունների միջև հաստատված «բավական արդյունավետ համագործակցության» առթիվ և համոզմունք հայտնեց, որ այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա։

Նշենք, որ սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Թբիլիսիի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ կդնի հավերժական կրակի մոտ:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վրաստանի կառավարության ղեկավարի անունից՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի կտրվի պաշտոնական ճաշ:

Սեպտեմբերի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բաթումի: Այնտեղ նախատեսված է մասնավոր ծրագիր:

Նույն օրը՝ ժամը 15:00-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան հատկապես կարևորվում է Մոսկվաից, Բաքվից, Թեհրանից ու Անկարայից հնչող տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում:

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում՝ Վրաստան այցից բառացիորեն ժամեր առաջ, այդ մասին խոսեց նաև վարչապետ Փաշինյանը՝ նշելով Իրանի և Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման և այս համատեքստում կարևորեց Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ Հայաստանի սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին։

Նշենք, որ սա Փաշինյանի երրորդ պաշտոնական այցն է Վրաստան: Նախորդ երկու այցերի ընթացքում, բացի պաշտոնական բանակցություններից, Հայաստանի վարչապետը հանդիպել էր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած այցի ժամանակ Հայաստանի վարչապետը այցելել էր նաև հայաշատ Սամցխե-Ջավախեթի:

Այս անգամ հայկական համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ: Վրաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ թեև լոքդաուն հայտարարված չէ, սակայն գործում են խիստ սահմանափակումներ: Չի գործում հանրային տրանսպորտը, փակ են ուսումնական հաստատությունները:

Արշալույս Մղդեսյան, Թբիլիսի

Exit mobile version