Site icon CIVILNET

ԱՄՆ-ն 9,5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին

Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով 9,5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։

«Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին՝ ժողովրդավարության միջազգային օրվա շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկեց իր «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը, որը կաջակցի ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և առկա հակակոռուպցիոն մեխանիզմներին՝ երևույթը կառավարական օղակներում բացառելու համար։

«Հաջորդ հինգ տարիների ընթացքում ծրագիրը կկենտրոնանա երեք հիմնական ուղղությունների վրա։ Դրանք են կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ինստիտուտների հզորացումը, կոռուպցիան կանխարգելող իրավական և վարչական նորմերի կիրառելիությունը խթանելը և հասարակական պահանջի առաջացմանը և զգոնության բարձրացմանը նպաստելը՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավված տեղական և կենտրոնական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ամրապնդելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և այլ մասնակիցներ քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնց լուծումը կնպաստի երկրում կայուն հակակոռուպցիոն համակարգի ստեղծմանը։

«Մենք ոգեշնչված ենք ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումով, այն է կանխարգելում, իրազեկում և հետապնդում: Բարեվարքության ծրագիրը, որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն, մի շարք շահառուների շրջանում կաջակցի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը, պետական ոլորտում բարեվարքությունն ամրապնդելու համար»,- նշել է դեսպան Թրեյսին։

Exit mobile version