Site icon CIVILNET

Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 անչափահասի, այնուհետև ինքնասպան է եղել

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը վրաերթի է ենթարկել նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի երեք անչափահաս բնակիչների՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ, այնուհետև ծառից գոտիով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

«2021թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1987թ. ծնված բնակիչ Վահագ Վլադիկի Առաքելյանն իրեն պատկանող «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայով ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ – Կարմիր Շուկա ավտոճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի երեք անչափահաս բնակիչների՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակը նույն ավտոմեքենայում պայթելուց հետո բախվել է ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1976թ. ծնված բնակչին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային: Դրանից հետո, Վ.Վ.Առաքելյանը թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի և Թաղավարդ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի կամրջից շուրջ 350 մետր հեռավորությամբ հոսող գետում՝ աճած ծառից գոտիով կախվելու եղանակով ինքնասպանություն գործել»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով, 245-րդ հոդվածի 1-ին մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով։

Exit mobile version