Site icon CIVILNET

Համակցված դասարաններում ուսուցման վատ որակ, ցածր ծնելիություն, արտագաղթ․ գյուղական դպրոցներում խնդիրների շուրջ

Կարմիր Աղեկի դպրոցը

Լոռու մարզի Օձուն համայնքի մեջ մտնող Արդվի, Այգեհատ և Կարմիր Աղեկ գյուղերի հիմնական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները պնդում են, որ փոքր գյուղերի դպրոցներում դասարանների համակցումը (կոմպլեկտավորումը) նվազեցնում է աշակերտների ուսուցման որակը:

Համակցված դասարան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ փոքր գյուղերում երեխաների սովորելու ցանկությունը շատ թույլ է․ «Քիչ մարդկանց առկայությունը բացասական է ազդում կրթական միջավայրի վրա։ Անհնար է որակյալ կրթություն 2-3 հոգանոց դասարանում»:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նկատում է, որ փոքր գյուղերում փոքրաթիվ աշակերտների կրթության հիմքում պետք է դնել անհատական ուսուցումը, որը կնպաստի աշակերտի ինքնաբացահայտմանը և ինքնաճանաչմանը:

Լոռու մարզի Օձուն համայնքի Արդվի գյուղի հիմնական դպրոցի 10, Այգեհատի դպրոցի՝ 16, իսկ Կարմիր Աղեկի դպրոցի 17 աշակերտները սովորում են չորս համակցված դասարաններում:

Արդվիի դպրոցի տնօրենը

Արդվիի դպրոցը 3-րդ, 4-րդ, 9-րդ դասարաններ չունի: Այս տարի Արդվիում առաջին դասարան է ընդունվել երկու աշակերտ, 2-րդ և 5-րդ դասարաններն ունեն երկու, 6-րդ դասարանը՝ երեք, 7-րդ դասարանը՝ մեկ, 8-րդ դասարանը՝ երկու աշակերտ:

Դպրոցի տասը աշակերտներին դասավանդող տասներկու ուսուցիչների աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 21 մլն դրամ: «Դասի 45 րոպեի ընթացքում համակցված դասարանի ուսուցիչը պետք է հասցնի երկու տարբեր դասարանների առարկայի ծրագրային թեմա ուսուցանել 2-3 աշակերտի: Այս դեպքում համակցված դասարանում ուսուցման արդյունավետության մասին խոսք լինել չի կարող»,-ասում է տնօրեն Նաիրա Վերանյանը: Վերջինիս խոսքով՝ աշակերտների թվաքանակի վրա էապես ազդում է փոքր գյուղերի զարգացման նկատմամբ պետության անուշադրությունը: Արդվին ոռոգման և խմելու ջուր չունի, չի մշակվում գյուղի ցանքատարածքների մեծ մասը: Գյուղացիները փող վաստակելու համար ընտանիքներով մեկնում են արտագնա աշխատանքի՝ իրենց հետ տանելով նաև երեխաներին:

«Այս տարի խմելու ջրի պատճառով գյուղի մի ընտանիք տեղափոխվեց Օձուն»,-հայտնեց Վերանյանը:

Ներառական խնդիրներով Վրույրին դպրոց է տանում եղբայրը

Արդվիի դպրոցի տասը աշակերտներից երկուսը ունեն ներառական խնդիրներ: Հենաշարժողական հաշմանդամություն ունեցող Վրույր Բարսեղյանը սովորում է 8-րդ դասարանում: Նրան ավագ եղբայրն է սայլակով տեղափոխում դպրոց, երբ եղբայրը Ալավերդու արհեստագործական ուսումնարան դասի է գնում, Վրույրը դպրոց չի գնում: Դպրոցի ուսուցիչներն ու փոքրաթիվ աշակերտները նույնիսկ չեն նկատում հաշմանդամություն ունեցող աշակերտի բացակայությունը: Վրույրին հանդիպեցինք իրենց տանը: Վրույրի տատը՝ Գոհար Աղաբեկյանը, պատմեց, որ Վրույրը 27 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն բազմանդամ ընտանիքը նպաստ չի ստանում, ապրում է նաև Վրույրի թոշակով: Տղան օրթոպեդիկ կոշիկների կարիք ունի, մայրը չի կարողանում գնել դրանք: «Կուզեի քայլել: Միայն դա է իմ երազանքը: Արդեն երկու տարի է՝ բժշկի չեմ գնացել» ,-ասաց երեխան:

2021-ին Այգեհատում դեռ երեխա չի ծնվել, կա մեկ առաջին դասարանցի

1980-ական թվականներին Այգեհատի դպրոցը 80 աշակերտ է ունեցել: Ներկայում դպրոցի 16 աշակերտները սովորում են համակցված չորս դասարաններում: Այս տարի մեկ աշակերտ է ընդունվել դպրոցի առաջին դասարան, 2021-ին Այգեհատում դեռ երեխա չի ծնվել:

Այգեհատցիները իրենց հողերը վարձակալությամբ տալիս են հարևան գյուղերի գյուղացիներին և ընտանիքով մեկնում Վանաձոր կամ Երևան՝ 3-5 հազար դրամ օրավարձով աշխատելու: Դպրոցի տնօրեն Պարույր Շահվերդյանի բնութագրմամբ՝ Այգեհատը ծերացող գյուղ է, որտեղ ծերերն ու մի քանի երիտասարդ ընտանիքներ են մնացել: Երեք տարի առաջ չեխահայ գործարար Աղասի Զավարյանը Այգեհատում 40 հա ընկույզի այգիներ է տնկել: Նա խոստացել է այգիների բերքատու դառնալուց հետո գյուղում պահածոների գործարան կառուցել։

Միակ առաջին դասարանցին

«Այգեհատի հույսը հիմա մեր Ձավարյան Աղասն է: Եթե նա Այգեհատում պահածոների գործարան բացի, Զավարյանը լավ աշխատավարձ վճարող գործարար է, մեր գյուղացիները գյուղ կվերադառնան, դպրոցն էլ աշակերտի խնդիր չի ունենա»,- ասում է Շահվերդյանը: Ուսուցչական աշխատանքի 40 տարվա ստաժ ունեցող ուսուցչուհի Անահիտ Արզումանյանը այս տարի Այգեհատի դպրոցի առաջին դասարանի միակ աշակերտուհու՝ Անահիտ Շահվերդյանի դասվարն է:

Աշակերտուհին նաև ուսուցչուհու թոռնիկն է:

«Ճիշտն ասած՝ մենք չէինք ուզում, որ ես լինեմ Անահիտի դասվարը, բայց այդպես ստացվեց: Շատ պատրաստված, կարգապահ, դպրոց սիրող աշակերտուհի է»,-թոռնիկին գովեց Անահիտ Արզումանյանը:

Կարմիր Աղեկում ցածր ծնելիության պատճառով դպրոցի աշակերտների թիվը նվազում է

Վարչական ղեկավար Վաչագան Հովհաննիսյանի մոտավոր հաշվարկով Կարմիր Աղեկիի սերունդ տալու ընդունակ ամեն ընտանիք եթե միջինը երկու երեխա ունենար, դպրոցի աշակերտների թիվը կհասներ 50-ի: Հիմա գյուղի դպրոցը 17 աշակերտ ունի: Կարմիր Աղեկը բարեկարգված ճանապարհ ունի, լուսավորված և գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Գյուղի 145 հա հողը ամբողջությամբ մշակվում է: Վարչական ղեկավարի ասելով՝ Կարմիր Աղեկում բնակվող 30 ընտանիքները սոցիալապես ապահովված են:

Կարմիր Աղեկի աշակերտները

«Սակայն մեր հաշվարկով գյուղի մոտ 25 երիտասարդներ չեն ամուսնանում, որի պատճառով գյուղում բնակչության վերարտադրություն չի ապահովվում»,- դժգոհում է Հովհաննիսյանը:

Կարմիր Աղեկում տարեկան ծնվում է 1-2 երեխա: Տարի է եղել՝ գյուղում երեխա չի ծնվել: Վաչագան Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմից հետո անթույլատրելի է համարում Կարմիր Աղեկիի ծնելիության ցածր թվերը:

Տնօրեն Սիրանույշ Միկոյանն էլ տեղեկացնում է՝ դպրոցը պատմության և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ չունի: Միկոյանն ասում է՝ համակցված դասարանում ավելի դժվար է ուսուցչի աշխատանքը:

«Մեզ մոտ կարծես անհատական պարապմունքով է տարվում աշակերտների ուսուցումը»,- ասում է նա:

Էլեն Աբրահամյանը սովորում է համակցված 6-րդ դասարանում՝ 5-րդ դասարանի երկու աշակերտների հետ: Էլենի խոսքով՝ 9 և 10 գնահատականներ է ստանում, երազում է ուսուցչուհի դառնալ:«Ուսումնական տարվա սկզբին հավեսով էի գալիս դպրոց, հիմա՝ չէ: Իմ դասարանում ընկերներ չունեմ»,- դժգոհեց Էլենը:

Նախարարությունում տեղյակ են հիմնական դպրոցների համակցված դասարաններում ուսուցման դժվարությունների մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղյակ են փոքր դպրոցների համակցված դասարաններում ուսուցման դժվարությունների մասին: Նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ դրանք պայմանավորված են ֆինանսական խնդիրներով:

Արսեն Բաղդասարյանը

«Մենք հասկանում ենք, որ բազմակազմ դասարաններով դասապրոցես անցկացնելը արդյունավետ չէ ուսումնառության և աշակերտների կողմից կրթական ծրագիրը յուրացնելու տեսանկյունից: Փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք կամ կմեղմեն, կամ ընդհանրապես կլուծեն այդ հարցը»,- ասաց վարչության պետը: Բաղդասարյանի խոսքով՝ կարգավորումներից մեկը կարող է լինել այն, որ ամեն ֆինանսավորման ժամանակ գոնե առաջին փուլում հրաժարվեն եռահամակազմ կամ քառահամակազմ կոմպլեկտավորումներից: Ըստ Բաղդասարյանի՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում նախարարությունը ընդհանրապես կբացառի կոմպլեկտավորումը, և յուրաքանչյուր մեկ աշակերտի դեպքում կլինի մեկ դասարան: Հանրակրթության վարչության պետը շեշտում է, որ այդ խնդիրը այդքան էլ հեշտ չի լուծվի:

Լարիսա Փարեմուզյան

Exit mobile version