Site icon CIVILNET

Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները

Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում»,- նշել է Կիրակոսյանը։

Հայկական կողմը, սակայն, պահանջում է պուրակը փակել ամբողջությամբ:

Բաքվում 2021 թ. ապրիլին բացված տխհրահռչակ պուրակում ներկայացված էին Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի ձեռք բերած ռազմական տեխնիկան, ինչպես նաև հայ զինվորներին պատկերող մանեկենները՝ նրանց ծաղրող, նրանց արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ կերպարներով:

Երևանը սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը:

Հաագայի միջազգային դատարանն հոկտեմբերի 14-ին սկսել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները: Լսումները կշարունակվեն այսօր՝ հոկտեմբերի 15-ին:

Exit mobile version