Site icon CIVILNET

Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո

Միխեիլ Սաակաշվիլի

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է տեղափոխվել Գորիի զինվորական հոսպիտալ և դադարեցնել հացադուլը։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն էր առաջարկել նախկին նախագահին Գորի տեղափոխել։

«Ես համաձայնել եմ իմ կողմից կառուցված ավտոմայրուղով գնալ Գորիի հիվանդանոց, որը ևս կառուցվել է իմ կողմից, և դադարեցնել իմ հացադուլը, հենց որ ինձ տեղավորեն [այնտեղ]», – ասվում է Սաակաշվիլիի գրավոր հայտարարության մեջ։ Նա նշում է, որ մտադիր չէ «մեկ օր անգամ հաշտվել իր անօրինական ազատազրկման հետ»։

Սաակաշվիլին հավելել է, որ ինքը պատրաստ է դատարանի առաջ կանգնել, «սակայն այս ամենը պետք է իրականացվի ազգային արժանապատվության և իրավական նորմերի խստիվ պահպանմամբ»։ «Ես կհնազանդվեմ այդպիսի դատարանի ցանկացած վճռի»։

Սաակաշվիլիի ակնկալվող տեղափոխությունը հաջորդեց նրա առողջական վիճակի վատթարացման և Գլդանիի բանտի բժշկական հաստատությունում թերացումների վերաբերյալ տեղական ու միջազգային քննադատների աճող ճնշումներին: Այն չբավրարարեց Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ընդդիմադիր կուսակցությունների պահանջը։

Կառավարությունը դիմադրում էր այս կոչերին՝ զգուշացնելով, որ Սաակաշվիլիի կողմնակիցները ծրագրում էին բռնի ուժով ազատել նրան։ «Դժոխային կլինի այն օրը, երբ նրան տեղափոխեն… նրանք կանեն ամեն ինչ, նաև՝ արյունահեղություն»,- ուրբաթ ավելի վաղ հայտարարել էր «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Գորիի զինվորական հոսպիտալ Սաակաշվիլիի հնարավոր տեղափոխման մասին ավելի վաղ լուրեր էին պտտվում, սակայն ինքը՝ Սաակաշվիլին, հերքել էր դրանք։

Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի մեկնարկից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում ձերբակալվելուց հետո։ Առողջական վիճակի վատթարացումից հետո քրեակատարողական մարմինները նրան Ռուսթավիի բանտից տեղափոխել էին Թբիլիսիի Գլդանի բանտ։

Արդարադատության նախարարն ուրբաթ հայտնել էր, որ ապաքինվելուց հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավիի բանտ։ Նախարարը նաև զգուշացրել է, որ Սաակաշվիլիի կողմնակիցների՝ Գորիում վերջինիս տեղափոխումը կամ բժիշկների աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ կհանգեցնի նրան, որ նախկին նախագահին կվերադարձնեն Թբիլիսիի Գլդանի բանտ։

Կառավարության առաջարկի հրապարակումից րոպեներ առաջ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլիի փաստաբաններից Նիկա Գվարամիան պնդել էր, որ ծրագրված է նրան տեղափոխել Գորիի հիվանդանոց, որտեղ նրան կարող են առևանգել «օսական հատուկ ջոկատները»: Գվարամիան «Մթավարի» հեռուստաալիքի տնօրենն է և Սաակաշվիլիի կառավարության օրոք եղել է նախարար։

Ահագնացող ճնշումներ

Վրաստանի երրորդ նախագահի աջակիցները բողոքում են Գլդանիի բանտ նրա տեղափոխումից՝ պնդելով, որ այնտեղի բժշկական բաժանմունքը բավարար անձնակազմով կամ սարքավորումներով հագեցած չէ: Քննադատությանը ավելի ուշ միացավ բժիշկների երկու կոնսիլիում, այդ թվում ութ բժիշկներից բաղկացած խումբ, որը վերջերս ձևավորել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:

Նոյեմբերի 18-ին նրանք խորհուրդ տվեցին Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ հաստատելով, որ նա, ի թիվս այլ բաների, տառապում է Վերնիկեի էնցեֆալոպաթիայով և նոյեմբերի 8-ից՝ մշտական հիպոկալեմիայով:

Ըստ փորձագետների՝ Գլդանիի բանտի հարևանությամբ վերջերս վերանորոգված հիվանդանոցը դեռևս գտնվում է թեստավորման փուլում և չունի սրտի կաթետերիզացիայի լաբորատորիա, ՄՌՏ սարքավորում և բարդությունների առաջացման դեպքում տեղում գտնվող անհրաժեշտ բուժանձնակազմ:

Նույն օրն ավելի ուշ Սաակաշվիլիի մեկ այլ փաստաբան՝ Բեկա Բասիլայան, հայտնեց, որ նախկին նախագահը ուշագնաց է եղել և վայր ընկել իր և այլ փաստաբանների հետ հանդիպումից հետո: նրան քաղաքացիական հիվանդանոցում տեղավորելու համար իշխանությունների մերժումը, ինչպես նաև իշխանության չարաշահման մեղադրանքով դատական նիստերին մասնակցելու իրավունքից նրան զրկելը նույնպես միջազգային քննադատության է արժանացել։:

Ուրբաթ օրը կառավարության առաջարկից ժամեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հորդորեց կառավարությանը «արդար և արժանապատվորեն» վերաբերվել Սաակաշվիլիին և անսալ նրա բուժման վերաբերյալ հանրային պաշտպանի առաջարկություններին:

«Մենք նաև խստորեն կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ապահովել, որ պարոն Սաակաշվիլին կարողանա ներկա գտնվել իր քրեական գործերի բոլոր դատական նիստերին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Ուրբաթ Ուկրաինայի ԱԳՆ-ն վերսկսել է Վրաստանի կառավարությանը «Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու» կոչերը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Exit mobile version