Site icon CIVILNET

Սեյրան Օհանյանը քննադատում է ՔՊ-ականների սենյակում ծեծը՝ մոռանալով ժամանակին իր աշխատասենյակում իր մասնակցությամբ ծեծը

սեյրան օհանյան

Գևորգ Թոսունյան

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել, ու այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել։ Եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել»,- Ազգային ժողովի նիստին դեկտեմբերի 8-ին հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նկատի ուներ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներից մեկի աշխատասենյակում ծեծկռտուքի դեպքը, որի մասին հաղորդել են լրատվամիջոցները։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի և Արմենուհի Կյուրեղյանի օգնականներն էին հայտնել, թե ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իրենց հրավիրել էր զրույցի, եղել են երեք հոգով, երբ ներս են մտել երկու տասնյակից ավելի անձինք սկսել են իրենց ծեծել։

«Նաև ասեմ, որ, իհարկե, այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին»,- իր խոսքն ավարտեց Օհանյանը։

Իհարկե յուրաքանչյուր բռնություն անընդունելի է և չի կարող արդարացվել, սակայն ընդդիմադիր խմբակցության քարտուղարը մոռանում է, որ «խմբակային խուլիգանություն» ժամանակին եղել է նաև իր մասնակցությամբ՝ 2005-ին, երբ նա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր։

2005-ի հունիսի 21-ին Արցախում ընդդիմադիր «ՀՅԴ – Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Պավել Մանուկյանը Արցախի ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծի էր ենթարկվել։

Ծեծից հետո հիվանդանոցում Պավել Մանուկյանը ՀՅԴ-ի «Երկիրն այսօր» լրատվականին հայտնել էր, թե իրեն հրավիրել էին ՊԲ հրամանատարի ընդունարան զրուցելու և պարզաբանում պահանջել ՊԲ գեներալ Մովսես Հակոբյանի և մեկ այլ անձի վերաբերյալ իր արած որակումների համար։ Զրույցը միանգամից վերաճել է ծեծի. «Հարձակվում են վրես, սկսում են ծեծել, այնաստիճան, որ սկսում եմ հետ տալ։ Սեյրանն ասում է՝ «գնում ես-բուժվում ես, նորից բերելու ենք ստեղ, էս ռազբորկեն շարունակենք»»,- ասել է Մանուկյանը։

2017-ին Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, թե «իրոք, իր աշխատասենյակում միջադեպ եղել է»։

Սեյրան Օհանյանը նաև ասել է, որ «անսխալական մարդիկ չեն լինում»։

Exit mobile version