Site icon CIVILNET

Հայկ Մարությանը, երևանյան ընտրություններն ու Կոնջորյանի հայտարարությունը․ փաստերի հիշեցում

Նիկոլ Փաշինյան Հայկ Մարության

Անի Գրիգորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Երևանի քաղաքապետի ընտրությունը դա քաղաքական ընտրություն է, և 2018-ին երևանցիներն իրենց քվեն տվել են ոչ թե անձին՝ քաղաքապետ, այլ տվել են ավագանուն, և ավագանին իր միջից ընտրել է քաղաքապետի՝ անձի։ Դրա համար քաղաքական իմաստով՝ ժողովրդի մանդատի ուղղակի կրողը ոչ թե Հայկ Մարությանն է, այլ «Իմ քայլը» խմբակցությունը»,- հայտարարել է Կոնջորյանը։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել և արդեն հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները։ Դեկտեմբերի 16-ին «Իմ քայլը» դաշինքը հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով անվստահություն հայտնելու պատճառները։

Հայլ Կոնջորյանի՝ Ղազարյանի հետ հարցազրույցում հնչեցրած միտքը, թե երևանցիներն ընտրել են ավագանուն, և ավագանին իր միջից ընտրել է քաղաքապետի, միանշանակ չէ։

Այսպես, Հայկ Մարությանը տարիներ ի վեր՝ մինչև հեղափոխությունը, քաղաքացիական տարբեր շարժումների ակտիվ մասնակիցներից էր։ Մարությանը, լինելով հայտնի դերասան, ճանաչում ու ժողովրդականություն էր վայելում։

2018-ի գարնանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող ցույցերին Մարությանը միացավ ապրիլի 15-ին, երբ շարժումը դեռ մեծ ժողովրդականություն չէր վայելում, և մասնակիցների թիվը մեծ չէր։

Օրերի ընթացքում արդեն Մարությանը դարձավ ցույցերի ակտիվ մասնակիցներից և դեմքերից մեկը՝ Հանրապետության հրապարակում ամբիոնից պարբերաբար ելույթներ ունենալով։

Հեղափոխությունից հետո ընտրական առաջին մեծ գործընթացը և ըստ էության ստուգատեսը, թե հեղափոխական կառավարությունն իրականում ինչ վարկանիշ ունի, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին։

2018-ի հուլիսի 29-ին ՔՊ-ն հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, որը մինչ այդ անդամակցել էր ՔՊ-ին։ Քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին Ալեն Սիմոնյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, սակայն երկրորդ փուլ էին անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը, և ընտրվել էր Մարությանը։

Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Հանրության մեջ որպես «Կարգին Հայկո» հայտնի դերասանի նախկին մանրապատումներից հատվածներ սկսեցին շրջանառել՝ կասկածի տակ դնելով նրա՝ քաղաքի լավ կառավարիչ լինելու հեռանկարը։

Այնուամենայնիվ, Մարությանը գլխավորեց և անցկացրեց նախընտրական ամբողջ քարոզարշավը։ Նախընտրական հոլովակներում դաշինքի ծրագիրը հենց ինքն էր ներկայացնում և քարոզարշավին ժամանակ առ ժամանակ Մարությանին միանում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Սակայն փաստացի ամբողջ քարոզարշավն ուղղված էր հենց Մարությանին քաղաքապետ ընտրելուն, ինչն էլ և տեղի ունեցավ։

«Ես անձամբ զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչի՝ կազմակերպչական ունակություններով մարդու, որը կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքի համար»,- այն ժամանակ հայտարարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Եվ միգուցե կանոնակարգով քաղաքապետն ընտրվում է ընտրություններից հետո ավագանու կողմից, սակայն, ինչպես նշեցինք, 2018-ին ընտրությունների ամբողջ քարոզչությունն ու քարոզարշավը տարվում էր Մարությանին քաղաքապետ ընտրելու համար։

Ո՞ր մեդիաներն էին «լուրեր» տարածում Հայկ Մարությանի մասին

Կոնջորյանը, խոսելով Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտարարել է. «Մանավանդ, եթե մենք հիշենք նաև վերջին շրջանում մամուլում տարածված տարբեր լուրերը տարատեսակ հանդիպումների [նկատի ունի Հայկ Մարությանին – խմբ] վերաբերյալ, սա շատ կարևոր հարց է»։

Կոնջորյանը նկատի ունի օրեր առաջ տարածված տեղեկությունը, թե 2020-ի պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս տեղեկությունը հերքել է ինչպես Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, այնպես էլ անձնամբ ինքը՝ Մարությանը:

Այստեղ կարևոր է, սակայն, թե որ «մամուլում» տարածվեց տեղեկությունը, որի մասին լռում է Կոնջորյանը։ Ի սկզբանե այս մասին հոդված գրեց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով նյութում։

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ»,- առանց որևէ ապացույց կամ փաստ ներկայացնելու գրել էր թերթը։ Այնուհետև հոդվածը ակտիվ տարածեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կողմից ղեկավարվող freenews.am-ը, իշխանութան հետ ասոցացվող civic.am-ը և նրանց սպասարկող սունկ կայքեր (1, 2), որոնք կապված են վարչապտի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։

Փաստացի, Կոնջորյանը հղում է անում ՔՊ-ի հետ փոխկապակցված «լրատվամիջոցների» տարածած տեղեկությանը, որն ապացուցահեն և փաստահեն չէ։

Exit mobile version