Site icon CIVILNET

Արթուր Մանուկյանը 4 մլն դոլար չունի. վրիպակ է եղել

Արթուր Մանուկյան

Հայկ Հովհաննիսյան

Yerevan.Today լրատվական կայքը հունվարի 24-ին «Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար» վերնագրով հոդված է հրապարակել՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի ներկայացրած հայտարարագրին, արել մի շարք մոլորեցնող հարցադրումներ։

Մասնավորապես՝ կայքը նշել է, որ ըստ հայտարարգրի՝ պատգամավորը 2019-ի տարեսկզբին ունեցել է մեկ բնակարան, 69 դոլար և մոտ 250 000 դրամի վարկ, իսկ արդեն պատգամավորության հաջորդ տարում ձեռք է բերել միանգամից երկու բնակարան Պտղնիում՝ ընդհանուր 13 մլն դրամ արժողությամբ, իսկ բանկային հաշվին ունեցել է 3 803 657 դոլար, որը տարվա վերջում հաշվեհամարից հանել է։

Կայքը արձանագրել է Մանուկյանի տարեկան եկամուտները և հաշվարկել, որ տարեվերջին 10 մլն դրամ եկամուտով հնարավոր չէր գնել 13 մլն ընդհանուր արժողությամբ երկու ամառանոց և նոր մեքենա, իսկ հաշվին 3,8 մլն դոլար կուտակել։

Yerevan Today-ի հրապարակումն արտատպել են 168.am, news.am, mediahaub.am, hraparak.am և այլ լրատվական կայքեր։

Վրիպակ՝ հայտարարագրում

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) ուսումնասիրեց Արթուր Մանուկյանի հայտարարագրերը։

Այսպես, 2020-ի տարեկան հայտարարագրում (ներկայացվել է 2021-ի հունիսի 27-ին) Մանուկյանը իսկապես նշել է, որ տարեսկզբին իր բանկային հաշվին եղել է 3 803 657 դոլար, իսկ տարեվերջին մնացել է 76 դոլար։

Կապ հաստատեցինք Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե որտեղից նրան այսքան գումար։ Նա նշեց, որ տվյալների մուտքագրման ժամանակ վրիպակ է տեղի ունեցել, և իրականում 38 000 դոլար պետք է նշեր։ Այդ գումարն էլ ստացել է իր տան վաճառքից։

Իսկապես, նախորդող՝ 2019-ի տարեկան հայտարագրում նախկին պատգամավորը ներկայացրել էր, որ վաճառել է Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող բնակարանը 65 000 դոլարով և նույն ամսին գնել է մեկ այլ բնակարան՝ Նոր Նորքում՝ 19 000 դոլարով։ Արդյունքում ստացվում է, որ գործարքի արդյունքում Մանուկյանի հաշվեկշռում մնացել է մոտ 46 000 դոլար կամ 22,2 մլն դրամ։

Իսկ հաջորդ տարի՝ 2020-ի մայիսին, պատգամավորը գնել է երկու հողամաս ամառանոցային շինությունով Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Այս մասին Արթուր Մանուկյանը ներկայացրել է արդեն 2020-ի հայտարարագրում։

Հատկանշական է, որ Yereva.today-ը գրել էր, թե 2020-ին Մանուկյանը իբր ձեռք է բերել միանգամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մինչդեռ խոսքը հողամասի մասին է։

«Ես երկու նոր տուն չեմ գնել, այլ երկու կտոր հողամաս, որտեղ հողամասի մի հատվածում կա կիսակառույց նկուղային հարկ։ Վաճառել եմ Երևանի հայրական տունս և այդ գումարի մի մասով գնել եմ Նոր Նորքում մի սենյականոց բնակարան և Պտղնիում՝ այդ երկու հողամասը»,- հայտնեց նա։

Փաստացի, Yerevan Today-ը, եթե ուշադիր զններ և համեմատեր երկու հայտարարագրերը, կնկատեր, որ Մանուկյանը 2019-ին վաճառել է բնակարան, որի գումարով էլ այնուհետև ձեռք է բերել նոր անշարժ և շարժական գույք։

Կենսագրությունը կեղծելու մասին

Yerevan.today-ը հոդվածում ներկայացրել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի պնդումը, թե Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը։ «Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ՝ աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում»,- գրել էր լրատվականը։

Այս մասով, Մանուկյանը նշեց. «Այդ տարիներին հորս ու մորս հետ շատ ծանր էինք ապրում, և այդ ժամանակահատվածում, երբ չէի աշխատում, ստացել եմ նպաստ ընտանիքի հոգսը փոքր ինչ թեթևացնելու համար»,- հայտնեց Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում միայն ժամանակավոր բնույթի աշխատանքներ է արել։

Exit mobile version